Սոֆիա Թումանյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է:
Նա բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և միջազգային հարթակներում՝ Վիեննայի «Musikverein Golden Hall», Զալցբուրգի «Mozarteum Great Hall», Լոնդոնի «Leighton House Museum», Զագրեբի «Croatian Music Hall», Վենետո տարածաշրջանի «Villa Badoer», Լուգանոյի «LAC theatre hall», Լյուբլյանայի «Cankar Hall» համերգասրահներում և այլուր: Մասնակցել է Իտալիայում անցկացված «Festival della Valle d’Itria», «Souni dal Golfo», Շվեյցարիայի Բեթհովենյան փառատոներին, ի թիվս այլնի հանդես է եկել Նեապոլի «Teatro di San Carlo» օպերային թատրոնում:
Սոֆիա Թումանյանը Իտալիայում կայացած «Angelo Affinita» միջազգային մրցույթի մրցանակակիր է, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում Ռիչարդ Ռոդինսկու կողմից արժանացել է Հատուկ մրցանակի:
Որպես մենակատար հայրենիքում և արտերկրի օպերային թատրոններում հանդես է եկել Վերդիի «Տրուբադուր», Բելլինիի «Նորմա», Չայկովսկու «Պիկովայա դամա», Յանաչեկի «Կատյա Կաբանովա», Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» , Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե», Վերդիի «Տրավիատա» և Բիզեի «Կարմեն» օպերաներում, ինչպես նաև հանդես է եկել Մոցարտի «Ռեքվիեմի», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի, Պերգոլեզիի «Ստաբատ Մատերի», Ռոսինիի «Փոքրիկ հանդիսավոր մեսսայի» կատարումներով:
Սոֆիան համերգներով բազմիցս հանդես է եկել Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, «Croatian Chamber Orchestra», «Orchestra Excellence», «Orchestra della Svizzera Italiana», «Real Capella di Napoli» նվագախմբերի հետ: