Դիրիժոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1927-1929թթ.:
Ծնվել է Թբիլիսիում, որտեղ և սովորել է կոնսերվատորիայում: Երաժշտական կրթությունն ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայում (1932թ): 1928թ. սկզբին, տակավին Թբիլիսիի կոնսերվատորիայի չորրորդ կուրսի ուսանող, հրավիրվել է Հայաստան` ստանձնելու Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պաշտոնը (այդ տարիներին ապագա ՀՊՖՆ-ը գործում էր Երևանի կոնսերվատորիայի նվագախմբի կարգավիճակով): Չարեքյանի գործունեությունը նպաստեց այդ նվագախմբի պրոֆեսիոնալ արագ աճին և նրա նվագացանկի զգալի ընդլայնմանը: Հետագայում Չարեքյանը նույն նվագախմբի հետ աշխատեց արդեն Երևանի օպերային թատրոնի հիմնադրման շրջանից (1932թ.), երբ կոնսեվատորիայի նվագախումբն իր ողջ կազմով ներգրավվեց օպերային թատրոնի աշխատանքում:
1932-1934թթ. և 1944-1979թթ. եղել է Երևանի օպերային թատրոնի դիրիժոր (1957-1964թթ.`գլխավոր դիրիժոր): Այս թատրոնում նա ղեկավարել է Տ.Չուխաջյանի “Լեբլեբիջի”, “Արշակ Երկրորդ”, Լ.Խոջա-Էյնաթյանի “Նամուս”, Գ.Արմենյանի “Խաչատուր Աբովյան” օպերաները, ինչպես նաև եվրոպական դասական օպերաներ: 1934-1936թթ. Չարեկյանը եղել է Թբիլիսիի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, 1936-1944թթ.` Տաշքենդի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը` նպաստելով ուզբեկական ազգային օպերային երկացանկի կայացմանը: 1927-1929թթ., 1932-1934թթ., 1945-1948թթ., 1954-1979թթ. Չարեկյանը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: