Ադամը՝ աշխարհի հայրը, դրախտում ճաշակեց Աստծո սիրո քաղցրությունը։
Եվ երբ նա արտաքսվեց դրախտից մեղքի պատճառով ու զրկվեց այդ
սիրուց,
խորապես տառապեց և մեծ հառաչանքով լաց եղավ ողջ անապատում։
Նրա հոգին պատառոտվում էր մտքից.
«Իմ սիրելի Աստծուն վիրավորեցի»։
Չէ՛ր այնքան սգում դրախտի գեղեցկությունը,
որքան՝ Աստծո սիրուց զրկվելը,
որ անպատմելիորեն ամեն պահ ձգում է հոգին դեպի Արարիչ։
Այդպես էլ ամեն հոգի, որ Սուրբ Հոգով ճանաչել է Աստծուն,
բայց հետո կորցրել է շնորհը,
մասնակցում է Ադամի տառապանքին։
Ծանր է հոգուն, և խորապես զղջում է,
երբ վիրավորում է սիրելի Տիրոջը։
Ադամը նեղվում էր երկրի վրա,
քաղցր չէր նրան աշխարհը,
և Տիրոջը կարոտում էր ասելով.
«Տիրոջ համար ծարավ է իմ հոգին,
և արցունքներով փնտրում եմ Նրան։
Ինչպե՞ս Նրան չփնտրեմ.
Երբ Նա ինձ հետ էր,
հոգիս լի էր խաղաղությամբ,
և թշնամին չէր մոտենում ինձ։
Հիմա չար ոգին տիրում է ինձ վրա,
և տանջում հոգիս։
Ուրեմն մինչև մահ
Տիրոջ կարոտով այրվում եմ,
և ոչինչ ինձ չի մխիթարում։
Ուզում եմ նորից Նրան տեսնել,
լիանալ Նրանով։
Չեմ կարող մի պահ մոռանալ Նրան,
և սրտի ցավից լաց եմ լինում.
«Ողորմի՛ր ինձ, Աստված,
Քո անկյալ արարածին»։
Այսպես էր լալիս Ադամը,
և արցունքները թափվում էին դեմքից՝ մարմնին ու հողին։
Ամբողջ անապատը լսում էր նրա հառաչանքը,
գազաններն ու թռչունները լռում էին վշտից։
Ադամը լալիս էր,
քանի որ իր մեղքով ամբողջ աշխարհը կորցրել էր խաղաղությունն ու
սերը։
Մեծ էր Ադամի վիշտը դրախտից արտաքսվելու համար,
բայց երբ տեսավ, որ իր որդի Աբելը սպանվեց Կայենի ձեռքով,
ավելի մեծացավ վիշտը։
Նա ասում էր.
«Իմ սերունդներից կծնվեն ժողովուրդներ,
և բոլորը պիտի տառապեն,
կապրեն թշնամությամբ ու կսպանեն միմյանց»։
Այս վիշտը անծայրածիր էր, ինչպես ծովը։
Այդ ցավը կարող է հասկանալ միայն նա,
ով ճանաչել է Տիրոջը
և զգացել, թե որքան է Նա սիրում մեզ։
Եվ ես էլ, կորցնելով շնորհը,
Ադամի հետ միասին կանչում եմ.
«Ողորմի՛ր ինձ, Տե՛ր.
Տուր ինձ խոնարհության և սիրո Հոգին»։