STABAT MATER- ը եկեղեցական երաժշտության հիմնական ժանրերից մեկն է՝ մեսսայի, ռեքվիեմի և մագնիֆիկատի կողքին: Գրվում է լատինական աղոթքի տեքստով, որը պատկերում է Աստվածամոր ողբը իր խաչված որդու մարմնի առաջ: STABAT MATER-ի օրատորիալ տիպի երաժշտությունը, որպես կանոն, նախատեսված է մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար: Ժամանակի ընթացքում STABAT MATER -ը դուրս է եկել եկեղեցական արարողության շրջանակներից և տեղ է գտել համերգային ծրագրերում:
STABAT MATER -ի տեքստին դիմել են տարբեր դարերի կոմպոզիտորներ՝ սկսած Օռլանդո Լասսոյից և Ժոսկեն Դեպրեից մինչև Շիմանովսկի և Պենդերեցկի: Օպերաների հռչակված հեղինակ Ջ.Ռոսինին STABAT MATER-ին անդրադարձել է կյանքի երկրորդ շրջանում, երբ արդեն դադարել էր օպերաներ գրելուց: Նրա STABAT MATER-ը կրում է կոմպոզիտորի օպերային ոճի ազդեցությունը, որին հատուկ են ցայտուն մեղեդայնությունը, գունեղ հարմոնիան, զգացմունքի անմիջական արտահայտությունը և կերպարների տեսանելիությունը: