Ֆիննական երաժշտության մեծ դասական Սիբելիուսի ստեղծագործության մեջ հռչակավոր Ջութակի կոնցերտի և 7 մոնումենտալ սիմֆոնիաների կողքին մեծ տեղ է զբաղեցնում սիմֆոնիկ պոեմի ժանրը, որտեղ կոմպոզիտորն իբրև կանոն, հենվում է սկանդինավյան առասպելների և հատկապես` «Կալեվալա» հայտնի էպոսի սյուժեների վրա: «Ֆինլանդիան» թերևս միակ սիմֆոնիկ պոեմն է, որը չունի հայտարարված ծրագիր: Սիբելիուսի հայրենիքի կերպարները, նրա բնությունը և պատմական անցքերն այստեղ ներկայանում են ընդհանրացված տեսքով, պատմողական անշտապ ընթացքով, ազգային վառ գունավորումով և նվագախմբի հարուստ հնչողությամբ:

