Դիրիժոր. ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1998-1999թթ.:
1984թ. ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի կոմպոզիցիայի բաժինը: Կրթությունը շարունակել է Երևանի կոնսերվատորիայում` 1989թ. ավարտելով պրոֆ.Հակոբ Ոսկանյանի դասարանը որպես օպերային և սիմֆոնիկ դիրիժորության մագիստրոս: 1991թ. ավարտել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան` մաեստրո Օհան Դուրյանի ղեկավարությամբ: 1985-1990թթ. դիրիժորության դասեր է առել պրոֆ.Իլյա Մուսինից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում: 1996թ. Հոլանդիայում մասնակցել է Կիրիլ Կոնդրաշինի դիրիժորության 35-րդ վարպետության դասերին` սըր Էդուարդ Դոունեսի և Փիթեր Էոթվոսի հետ: 1991-1997թթ. դիրիժորություն է դասավանդել Երևանի կոնսերվատորիայում: Նույն տարիներին ՀՀ ազգային ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի, ինչպես և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժորն էր: 1994-1997թթ. եղել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, Ռուսաստանում և Թուրքիայում: Ղեկավարել է եվրոպական նվագախմբեր և ԽՍՀՄ սիֆոնիկ նվագախումբը: 1996թ. լույս են տեսել նրա` Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարած ձայնագրությունները (RCD): Ներկայումս Միքայել Ավետիսյանը Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի (ԱՄՆ) գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է (նվագախմբի հիմնադրման պահից):