Համահայկական նվագախումբ 2017
«Համահայկական նվագախումբ» նախագիծը իրականություն է դարձել ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Դրա գերնպատակն է հայ ազգի միասնականության գաղափարի ամրապնդումը՝ նոր շունչ ու ոգի հաղորդելով հանրությանը: Նախագծին մասնակցեցին 90 հայ պրոֆեսիոնալ երաժիշտներ՝ 21 երկրներից:
Համահայկական նվագախմբի տարբերանշանը փյունիկ թռչունն է՝ «Հ» տառի պատկերմամբ, որը «Համահայկական» բառի խտացումն է: Նվագախմբի կազմավորումը Փյունիկ թռչունի խորհրդանշանով ևս մեկ անգամ վկայում է, որ դժվարագույն պատմական ուղի անցած և բնաջնջվելու փորձերը հաղթահարած հայ ազգն ի զորու է կրկին վեր խոյանալ և երկնքում թևածել, ինչպես վերածնված մի Փյունիկ:
ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով՝ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հատուկ այս նախագծի համար հեղինակել է «Պոեմ հաղթանակի» նոր ստեղծագործությունը: Ապրիլի 24-ի համերգում ընդգրկվել են նաև Արամ Խաչատրյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Կոմիտաս-Շարաֆյանի, Երվանդ Երկանյանի, Սերժ Թանկյանի ստեղծագործություններից: