Դիրիժոր, մանկավարժ, երաժշտահասարակական գործիչ, Աշխատանքի հերոս, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1941-1945թթ.:
Ծնվել է Դերբենդում (Հյուսիսային Կովկաս): 1898թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆ.Ի.Գրժիմալիի ջութակի դասարանը և պրոֆ.Ս.Տանեևի` երաժշտության տեսության դասարանը: 1905-1906թթ. Լայպցիգում դիրիժորություն է պարապել Ա.Նիկիշի ղեկավարությամբ: Հանդես է եկել Ռուսաստանի քաղաքներում` ղեկավարելով օպերային ներկայացումներ և սիմֆոնիկ համերգներ: Իրեն դրսևորել է որպես նորագույն երաժշտության գիտակ, Մյասկովսկու, Պրոկոֆևի և Շոստակովիչի ստեղծագործությունների լուրջ մեկնաբան: Մոսկվայի կոնսերվատորիայում հիմնադրել է դիրիժորության դասարան (աշակերտների թվում` Գ.Բուդաղյան, Լ.Գինզբուրգ, Մ.Պավերման և ուրիշներ): Հիմնել և ղեկավարել է Մոսկվայի սիրողական սիմֆոնիկ նվագախումբը (1924-1935թթ., որը 1926թ.-ից կոչվեց Սարաջյանի անունով): 1935թ.-ից ապրել է Երևանում` ծավալելով բազմակողմանի գործունեություն: Եղել է Երևանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր` միաժամանակ ղեկավարելով այդ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ինքնուրույն համերգները: 1941թ.-ից նոր կարգավիճակով հանդես եկող` Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր: Լայնորեն պրոպագանդել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, կազմակերպել է Բեթհովենի սիմֆոնիաների (բացառությամբ 9-րդի) կատարումը: Երևանի կոնսերվատորիայի ռեկտորն էր 1936-1937թթ. և 1940-1954թթ.: Այստեղ դաստիարակել է դիրիժորների նոր սերունդ (Ա.Քաթանյան, Յու.Դավթյան, Հ.Ոսկանյան և ուրիշներ):