«Արտերկրի և ոչ մի դաշնակահար չի առաջացրել այդպիսի հիացմունք՝ սկսած այն ժամանակից, երբ Գլեն Գուլդը այցելեց Մոսկվա, իսկ Վան Կլիբերնը հաղթող ճանաչվեց Չայկովսկու անվան մրցույթում»
THE HUFFINGTON POST
«Լյուկա Դեբարգի արվեստը դուրս է դաշնամուրային նվագի արվարպետությունից: Այն հնչյունի իսկական փիլիսոփայություն է»
LE DEVOIR
Լյուկա Դեբարգը այսօր հանդես է գալիս աշխարհահռչակ նվագախմբերի հետ, հայտնի համերգասրահներում. Նյու Յորքի
Carnegie Hall, Չիկագոյի Symphony Hall, The Kennedy Center, Սիեթլի Benaroya Hall, Բոստոնի Jordan Hall և Sanders Theatre, Մոնրեալի Maison de la Musique, Տորոնտոյի Royal Conservatory, Theatre des Champs Elysées և Philharmonie de Paris, Լոնդոնի Wigmore Hall և Royal Festival Hall, Berlin Philharmonic, Ամստերդամի Concertgebouw, Տոկիոյի, Շանհայի, Տայպեի, Սեուլի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի համերգասրահներում (դիրիժորներ՝ Վալերի Գերգիև, Միխայիլ Պլետնյով, Վլադիմիր Յուրովսկի, Անդրեյ Բորեյկո, Տուգան Սոխիև, Վլադիմիր Սպիվակով, Բերտրան դե Բիլլի և այլք): Կամերային երաժշտության ասպարեզում նրա գործընկերներից են Գիդոն Կրեմերը, Յանին Յանսենը և Մարտին Ֆրոստը:
Լյուկա Դեբարգը ծնվել է 1990-ին: Տասը տարեկանից ապագա երաժիշտն իր ուղին սկսել է Փարիզի համալսարաններից մեկում՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան: Նրա կյանքում շրջադարձային եղավ հանդիպումը անվանի մանկավարժ Ռենա Շերեշևսկայայի հետ՝ ճանապարհ հարթելով դեպի պրոֆեսիոնալ դաշնամուրային արվեստը:
Դաշնակահարի ընդարձակ նվագացանկն ընդգրկում է դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների լայն ընտրանի: Նրա համար ոգևորիչ են գրականությունից, կերպարվեստից, ջազային երաժշտությունից եկող խթանները, որոնք արվեստագետի մեկնաբանումների մեջ ստանում են իրենց յուրօրինակ սինթեզը:
Լյուկան մենանվագ դաշնամուրի համար գրված 20-ից ավելի գործերի հեղինակ է: Ստեղծագործությունների թվում են նաև Դաշնամուրային տրիոն, կամերային օպերան և “Orpheo di camera” կոնցերտինոն՝ դաշնամուրի, հարվածայինների և լարայինների համար, որի պրեմիերան կայացել է 2017-ին “Kremerata Baltica” կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Գիդոն Կրեմեր):
Sony Classical ձայնագրման ֆիրման թողարկել է Լյուկա Դեբարգի կատարմամբ 5 ալբոմ (Բախ, Բեթհովեն, Շուբերտ, Շոպեն, Լիստ, Ռավել, Մետներ, Շիմանովսկի), որոնցից մեկն արժանացել է ECHO Klassik հեղինակավոր մրցանակի: Չորս ալբոմի մեջ ամփոփված է Դոմենիկո Սկարլատիի երաժշտությունը, որը New York Times-ի կողմից նույնպես արժանացել է բարձր գնահատականի:
Լյուկա Դեբարգի հաջողությունը Մոսկվայի Չայկովսկու անվան մրցույթում հիմք դարձավ ռեժիսոր Մարտան Միրաբելի «Ամենը հանուն երաժշտության» (“Tout à la musique”) վավերագրական ֆիլմի համար, որը 2018-ին ցուցադրվել է Բիարիցի (Ֆրանսիա) միջազգային կինոփառատոնում: