Ծնվել է Ռիմինիում, Իտալիա՝ 1967-ին: Դաշնամուր սովորել է Ֆրանկո Սկալայի ղեկավարությամբ Պեզարոյի Ռոսսինի կոնսերվատորիայում: Հանդես է եկել նաև որպես դիրիժոր և կոմպոզիտոր: 1987-ին շահել է
Ստրեսայի միջազգային Յամահա մրցույթի 1-ին մրցանակը և Ֆրանց Լիստի անվան երկրորդ միջազգային դաշնամուրային մրցույթի 1-ին մրցանակը: Հետագայում Էնրիկո Պաչեն ելույթներ է ունեցել եվրոպական
քաղաքներում, իսկ Սիդնեյի և Մելբուռնի սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել ավստրալիական հյուրախաղերի ժամանակ: Համագործակցել է Warsaw Philharmonic Orchestra-ի և Noord-Nederlands Orchestra-ի հետ: 1997/1998-ին Էնրիկո Պաչեն սկսել է իր տևական համագործակցությունը անվանի ջութակահար Ֆրանկ Պետեր Ցիմերմանի հետ, հանդես գալով Եվրոպայի, Հարավային Ամերիկայի և Հեռավոր Արևելքի երկրներում:
Նրա գործընկերների թվում են նաև գալարափողահար Մարի Լուիզ Նոյնեկերը և դաշնակահար Իգոր Ռոմանը:
Է. Պաչեն բազմաթիվ մենահամերգներով հանդես է եկել Եվրոպայի հայտնի համերգասրահներում. Ամստերդամի համերգասրահ, Միլանի Sala Verdi և Teatro alla Scala, Հռոմի, Բրեշիա/Բերգամո, Ֆլորենցիայի, Բեռլինի, Մյունխենի, Դորտմունդի, Դուբլինի, ինչպես նաև Հարավային Ամերիկայի տարբեր քաղաքների համերգասրահներում: 1999-ին, Մաուրիցիո Պոլլինիի նախագծի շրջանակում Էնրիկո Պաչեն մենահամերգով հանդես է եկել Salzburger Festspiele-ի փառատոնային համերգներում:
2001-ին ելույթներ է ունեցել նաև Husum (Raritäten der Klaviermusik) և La Roque-d’Anthéron փառատոներում, որտեղ կրկին հրավիրվել է մենահամերգներով 2002-ին:
Էնրիկո Պաչեն մշտապես ելույթներ է ունենում հայտնի նվագախմբերի հետ. Ռոտերդամի Philharmonic Orchestra, Radio Philharmonic Orchestra, Radio Symphony Orchestra, Սիդնեյի և Մելբուռնի սիմֆոնիկ նվագախմբեր, Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբ, Լայպցիգի MDR Symphony Orchestra, BBC Philharmonic Orchestra և այլ նվագախմբեր, հայտնի դիրիժորների ղեկավարությամբ՝ Յակով Կրայցբերգ, Ուոլթեր Վելլեր, Ջանանդրեա Նոզեդա, Անդրեյ Բորեյկո, Մարկ Էլդեր, Յանոշ Ֆլուրսթ, Էլիահու Ինբալ, Ալեքսանդր Լիբրայխ, Թադակի Օտակա, Բրունո Վեյլ, Էնտոնի Վիթ և այլ անվանի դիրիժորներ:
Կամերային երաժշտության ասպարեզում Պաչեն համագործակցել է հայտնի կվարտետների հետ Shostakovich Quartet, Vanbrugh Quartet, Prometeo Quartet: Մասնակցել է Իզաբել վան Քյոլենի Delft Chamber Music Festival-ին: Լեյֆ Օվե Անդսնեսի հրավերով Էնրիկո Պաչեն հանդես է եկել անվանի դաշնակահարի կամերային երաժշտության Risor փառատոնին: Էնրիկո Պաչեն Ֆինլանդիայի Kuhmo, Իտալիայի Stresa, Իռլանդիայի West Cork և Գերմանիայի Moritzburg հեղինակավոր փառատոների մշտական մասնակիցն է: Էնրիկո Պաչեն վերջերս ձայնագրել է իր առաջին՝ երկու դիսկից կազմված ալբոմը Լոնդոնի Piano Classics ֆիրմայում: