Դիրիժոր, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1974-1981թթ.:
Երաժշտական կրթությունը ստացել է Երևանի կոնսերվատորիայում` պրոֆ.Ռոբերտ Անդրեասյանի դասարանում (դաշնամուր) և պրոֆ.Միքայել Մալունցյանի դասարանում (դիրիժորություն): 1972-1973թթ. վերապատրաստվել է Վիեննայի երաժշտական ակադեմիայում` Հ.Սվարովսկու և Գ.Շերխի դասարաններում: Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:
Խանջյանի` ՀՊՖՆ-ում աշխատելու ժամանակաշրջանը նշվում է որպես նվագախմբի երկացանկի ընդլայնման շրջան, երբ ներկայացվեցին Ռ. Շտրաուսի “Դոն Քիշոտ”, “Մահ և պայծառացում”, “Այսպես խոսեց Զրադաշտը” պոեմները, Մահլերի թիվ 1 և 5 սիմֆոնիաները, Ստրավինսկու “Հրեղեն հավք”, “Պետրուշկա”, “Գարուն սրբազան” բալետային սյուիտները, Ջութակի կոնցերտը, Բարտոկի “Հրաշալի մանդարինը”, Դեբյուսիի “Ծովը” և ժամանակակից այլ գործեր: Երկացանկում մեծ տեղ են գտել հատկապես հայ կոմպոզիտորների գործերը (Ավետ Տերտերյանի գործերի նվիրված կատարողն էր):
Նրա ղեկավարման տարիներին նվագախումբն ընդլայնեց իր գործունեությունը` հանդես գալով Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Մերձբալթյան հանրապետությունների և Անդրկովկասի քաղաքներում և այլուր` արժանանալով ունկնդիրների և քննադատների բարձր գնահատանքին: