Առաջին կատարումը` 1904, Քյոլն, դիրիժոր` հեղինակ:
Ավստրիացի մեծ կոմպոզիտոր Մալերը երազում էր իր երաժշտությամբ վերափոխել աշխարհը, սակայն տեսնում էր իր ջանքերով ապարդյուն լինելը և խորապես հիասթափվում: Նրա երաժշտության մեջ ուժեղանում էին հոռետեսական տրամադրությունները, դառը հեգնանքը, գրոտեսկը: Այս հունի մեջ գրվել է նաև նրա թիվ 5 սիմֆոնիան: Հնգամաս ցիկլը ստորաբաժանվում է երեք անհավասար հատվածների, որոնցից առաջինն ընգրկում է սգո քայլերգի ոգով գրված 1-ին մասը և դրան հաջորդող փոթորկալի 2-րդ մասը: Երկրորդ խոշոր հատվածն ընդգրկում է 3-րդ մասի սկերցոն, որը հարուստ է թեմաների, կերպարների և տրամադրությունների բազմազանությամբ: Երրորդ խոշոր հատվածն ընդգրկում է 4-րդ մասի Adagietto-ն` իր անվերջանալի մեղեդիով, լարայինների և տավիղի կատարմամբ: Դրան հաջորդող 5-րդ մասը խորհրդանշում է կյանքում լուսավոր ուժերի հաղթանակը: Ինչպես միշտ, Մալերի նվագախումբը հարուստ է ենթախմբերի սերտ համագործակցությամբ և վառ հակադրություններով: