Դիրիժոր, մանկավարժ, երաժշտահասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1929-1932թթ.:
Ծնվել է Բաքվում, մեծացել և ուսում առել Մոսկվայում: 1929թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ.Կ.Սարաջյանի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարան): 1922-1929թթ. ղեկավարել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական կոլեկտիվը: 1932-1958թթ. եղել է Երևանի օպերային թատրոնի դիրիժոր: Ղեկավարել է Ա.Սպենդիարյանի “Ալմաստ”, Հ. Ստեփանյանի “Քաջ Նազար”, Կ.Զաքարյանի “Մարջան”, Ա. Տեր-Ղևոնդյանի “Արևի ցոլքերում”, Ա.Տիգանյանի “Դավիթ Բեկ” օպերաները, ինչպես նաև ռուս և արևմտաեվրոպական դասական երկացանկի գործեր: Ա.Սպենդիարյանի երաժշտության հիման վրա “Խանդութ” բալետի երաժշտական կոմպոզիցիայի հեղինակն է, ինչպես և Ա.Սպենդիարյանի ստեղծագործությունների ակադեմիական (11 հատոր) հրատարակության խմբագիրը: 1929-1978թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1934-1936թթ. և 1949-1958թթ. եղել է կոնսեվատորիայի պրոռեկտորը:
Գ.Բուդաղյանի ղեկավարման տարիներին ՀՊՖՆ-ը գործում էր դեռևս Երևանի կոնսերվատորիայի նվագախմբի կարգավիճակով` միաժամանակ մշտական սիմֆոնիկ համերգներ տալով և ապահովելով համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության մուտքը Հայաստան: Գ.Բուդաղյանը խթանեց նվագախմբի ելույթների հաճախականությունը` խրախուսելով կոնսերվատորիայի երիտասարդ մենակատարների մասնակցությունը սիմֆոնիկ համերգներին: Կոնսերվատորիայի նվագախումբը դարձավ Հայաստանի նորաստեղծ կոմպոզիտորների միության անդամների սիմֆոնիկ գործերի առաջին կատարողը: