Առաջին կատարումը` Մոսկվա, 1901, մենակատար` հեղինակ, դիրիժոր` Ա. Զիլոտի: Գրված լինելով Ռախմանինովի ստեղծագործության վերելքի շրջանում, այս գործը պատկանում է համաշխարհային երաժշտության մեջ կոնցերտի ժանրի լավագույն նմուշների թվին: Կուռ կոմպոզիցիայի փոխլրացնող 3 մասերում մարմնավորվել է Ռախմանինովին բնորոշ կերպարների աշխարհը. քնարականություն և պաթետիկա, լուսավոր երազանք և դրամատիզմ, մտորում և կամային պոռթկում: Երաժշտությունն ընթանում է մեղեդիական անսպառ շնչով, լայն ալիքներով, որոնք հանգեցնում են հզոր բարձրակետերի: Դաշնամուրը և նվագախումբը ներկայանում են որպես դրամատիկական գործողության իրավաhավասար մասնակիցներ: