Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Էդուարդ Թոփչյան
Էդուարդ Թոփչյանն ավարտել է Երևանի կոնսերվատորիան որպես ջութակահար: Կոնսերվատորիայում դիրիժորության դասեր է առել Օհան Դուրյանից: Որպես դիրիժոր կայացման ճանապարհին մեծ էր Սըր Ջորջ Շոլտիից, Կլաուդիո Աբբադոյից և Նելլո Սանտիից ստացված մեծարժեք խորհրդատվությունների դերը:
1991-ին ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը: «Սերենադը» շատ արագ դարձավ Հայաստանի ամենահեռանկարային նվագախմբերից մեկը և շուտով, արժանանալով միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների մրցանակների և ճանաչված մի քանի ընկերությունների հետ ձայնասկավառակներ թողարկելով, ճանաչվեց նաև Եվրոպայում: Հաճախ շրջագայելով` «Սերենադը» Թոփչյանի ղեկավարությամբ Եվրոպայում հանդես է եկել շուրջ 700 համերգներով:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկի հետ Թոփչյանի առաջին ելույթը կայացավ 2000-ին: Նույն տարում նա ստանձնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը՝ հաջողությամբ հանդես գալով Հայաստանում և արտերկրում: Թոփչյանի թե´ դասական նվագախմբային երկացանկի, և թե´ ժամանակակից ստեղծագործությունների մեկնաբանությունները ստացան հասարակայնության և մամուլի բարձր գնահատականը:
2001-ին ՀԱՖՆ-ը Թոփչյանի ղեկավարությամբ հաջողությամբ հանդես եկավ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, իսկ 2003-ին՝ Մեծ Թատրոնում: Դրան հետևեցին ելույթները Չեխիայում, Գերմանիայում, Սլովակիայում և Ֆրանսիայում (Նյուրնբերգ, Պրահա, Բռնո, Բրատիսլավա, Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցա և շատ այլ քաղաքներ): 2008-ին Թոփչյանի գլխավորությամբ տեղի ունեցան ՀԱՖՆ-ի հյուրախաղերը Ճապոնիայում, որտեղ նվագախումբը մեծ հաջողությամբ հանդես եկավ 15 համերգներով Տոկիոյում, Օսակայում, Նիիգատայում, Նագոյայում, Համամացուում և այլ քաղաքներում: Նվագախմբի և դիրիժորի կատարողական մակարդակը բարձր գնահատվեց ճապոնական մամուլում:
Էդուարդ Թոփչյանը հատկապես ճանաչված է ընդարձակ երկացանկով, որում նվագախմբային գործերին զուգահեռ ընդգրկված են օպերային գործեր: Մասնավորապես` նրա ղեկավարությամբ հնչել են «Աիդա», «Սևիլյան սափրիչը», «Մադամ Բաթերֆլայ», «Տուրանդոտ», «Սիմոն Բոկանեգրա», «Օթելլո», «Ռիգոլետո», «Պայացներ», «Թիկնոցը», «Տոսկա», «Բոհեմ», «Գեղջկական ասպետություն», «Եվգենի Օնեգին», «Դոն Ժուան», «Պիկ թագուհին», «Կախարդական սրինգը» և այլ օպերաներ:
Թոփչյանի գլխավորած համերգներում հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող արտիստներ, մասնավորապես` Պլասիդո Դոմինգոն, Պինխաս Ցուկերմանը, Ռենատո Բրուզոնը, Ջուզեպե Ջակոմինին, Սերգեյ Լարինը, Վլադիմիր Չերնովը, Վինչենցո լա Սքոլան, Ռայնա Կաբայվանսկան, Միշա Մայսկին, Նատալյա Գուտմանը, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Յուրի Բաշմետը, Կիմ Քաշքաշյանը, Դիմուտ Պոպենը, Էմանուել Պայուն, Թիբոր Վարգան, Ռադովան Վլատկովիչը, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Սերգեյ Խաչատրյանը, Յուլիա Ֆիշերը, Իզաբել Ֆաուստը, Դայշին Կաշիմոտոն, Սերգեյ Բաբայանը, Կոնստանտին Լիֆշիցը, Ֆրանսուա-Ժոել Տիոլյեն, Պոլ Մայերը, Յանա Բուշկովան, Նարեկ Հախնազարյանը, Ալեքսեյ Լյուբիմովը, Բերնդ Գլեմզերը, Բերնար Ռինգեյսենը, Մասսիմո Մերչելլին, Անտոն Սորոկովը, Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին, Վահագն Պապյանը, Մարիո Բրունելլոն, Կիրիլ Գերշտեյնը, Կոլյա Բլախերը, Սերգեյ Կռիլովը, Ֆաբիո Զանոնը, Սիմոն Տրպչեսկին, Ալեքսանդր Չաուշյանը և շատ ուրիշներ:
Թոփչյանը հանդես է եկել շուրջ 50 անվանի նվագախմբերի հետ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում, որոնց թվում են Լոնդոնի Արքունական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Քյոլնի ֆիլհարմոնիկը, Ֆրանկֆուրտի օպերային նվագախումբը, Շտուտգարտի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբը, Staatsphilharmonie Rheinland-Pfalz-ը, Opera Monte-Carlo-ն, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Siena Festival Orchestra-ն, Kärntner Sinfonieorchester-ը, Orchestra del Festival Brescia-ն և այլ նվագախմբեր:
2013-2014թթ. Թոփչյանը հյուրախաղերով հանդես է եկել Բուդապեշտի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Վիեննայի հռչակավոր Musikverein համերգասրահում, Իսրայելի Ազգային ռադիո-սիմֆոնիկ, Գյուլբենկյան սիմֆոնիկ, Պրահայի ռադիո-սիմֆոնիկ, Սեուլի ֆիլհարմոնիկ, Հռոմի սիմֆոնիկ, Լիտվայի Ազգային սիմֆոնիկ, Սլովակիայի ռադիո-սիմֆոնիկ և Տոսկանայի նվագախմբերի հետ:
Էդուարդ Թոփչյանը եղել է մի շարք նշանակալից փառատոների գեղարվեստական ղեկավարը: 2007-ից թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ Թոփչյանը՝ Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի նախաձեռնողը և գեղարվեստական ղեկավարն է: Փառատոնին մասնակցում են Հայաստանի և արտերկրի լավագույն կատարողական ուժերը: 2020թ.-ին, COVID-19 համաճարակի պատճառով, փառատոնի 14-րդ համերգաշրջանը տեղափոխվեց 2021թ.:
Էդուարդ Թոփչյանի լայն երկացանկն ընդգրկում է բարոկկո շրջանից մինչև մեր ժամանակի սիմֆոնիկ, կամերային և օպերային գործեր: Թոփչյանի ղեկավարությամբ ՀԱՖՆ-ն իրագործել է նաև հայ և օտարազգի կոմպոզիտորների գործերի պրեմիերաներ, որոնց մի մասը նվիրված է նվագախմբին և նրա գեղարվեստական ղեկավարին:
2014-ի օգոստոսին ՀԱՖՆ-ը Է. Թոփչյանի ղեկավարությամբ մասնակցեց Իտալիայի 4 անվանի փառատոներին՝ Ռիմինի, Չիտտա դի Կաստելլո, Մերանո և Ռավելլո քաղաքներում: Նույն տարում Մաեստրո Թոփչյանը ղեկավարեց ՀԱՖՆ-ի ելույթները Ավստրիայում և Գերմանիայում, որտեղ նշանակալից էր Լինցի Բրուքներհաուս համերգասրահի համերգը: 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում ՀԱՖՆ-ը Է. Թոփչյանի ղեկավարությամբ հյուրախաղերի մեկնեց Դանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, ԱՄՆ, Մեքսիկա, Լիբանան, Լեհաստան և Գերմանիա: Նույն թվականին Թոփչյանը ղեկավարեց Ռուսաստանի Ազգային նվագախումբը և Յուրլովի անվան պետական կապելլան՝ կատարելով Վյաչեսլավ Արտյոմովի Ռեքվիեմը: 2015-ին Մալագայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Թոփչյանի ելույթն արժանացավ իսպանական մամուլի բարձր գնահատանքին: 2016-ին Էդուարդ Թոփչյանը մեծ հաջողությամբ ղեկավարեց ՀԱՖՆ-ի ելույթը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում՝ «Սպիտակ գիշերների աստղերը» հեղինակավոր փառատոնի շրջանակում: 2017-2018թթ. համերգաշրջանում Մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ կայացել են ՀԱՖՆ-ի համերգները Իսպանիայում, Հարավային Ամերիկայում և Գերմանիայում (Բեռլինի Konzerthaus համերգասրահ):
2019թ.-ի դեկտեմբերի 25-ից 2020թ.-ի հունվարի 10-ը կայացել են ՀԱՖՆ-ի հյուրախաղերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՝ ընդգրկելով 10 համերգ 9 քաղաքներում: Հյուրախաղերը կազմակերպվել է Wray Armstrong Arts and Entertainment Ltd. ընկերության կողմից:
2007-ին Էդուարդ Թոփչյանն արժանացել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի կոչման, իսկ 2011-ին՝ ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալին:
2013-ի աշնանը Իտալիայի նախագահի որոշմամբ Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի» համար շքանշանով:
2016-ի հունիսի 28-ին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով, Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով:
2016-ին Մաեստրո Թոփչյանի ղեկավարած Ֆիլհարմոնիկ նվագախումբը նշեց իր հիմնադրման 90-ամյակը՝ արդեն Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կարգավիճակով:
2023 թվականին Արամ Խաչատուրյանի 120-ամյակին նվիրված Համաշխարհային շրջագայությունը տեղի ունեցավ նոյեմբերին, որի շրջանակներում ՀԱՖՆ-ն հանդես եկավ Աթենքում, Սալոնիկում, Նյու Յորքի Կարնեգի Հոլում, Տորոնտոյի Ռոյ Թոմսոն Հոլում, Մոնրեալի La Maison Symphonique-ում և Բոստոնի Սիմֆոնիկ Հոլում։ Շրջագայության այս ավարտը գլխավորեց 10 քաղաքներով շրջագայությունը Չինաստանում 2023 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 2024 թվականի հունվարի 3-ը:
2025 թվականին ՀԱՖՆ-ն նշում է հարյուրամյա տարեդարձը, որը կտոնի համաշխարհային շրջագայությամբ՝ նախատեսված ելույթներով Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա և Ասիա: