Գրիգորի Սոկոլովի բանաստեղծական մեկնաբանությունները, որոնք բեմում ձեռք են բերում խորհրդավոր ուժգնություն, ծնվում են նրա հսկայական երկացանկի խոր և հիմնարար իմացությունից։ Նրա մենահամերգային ծրագրերն ընդգրկում են ամենատարբեր ժամանակաշրջաններ՝ միջնադարյան հոգևոր ստեղծագործություններից մշակումներից և Բըրդի, Կուպերենի, Ռամոյի ու Ֆրոբերգերի գործերից մինչև Բախ, Բեթհովեն, Շուբերտ, Շուման, Շոպեն, Բրամս և XX դարի նշանավոր կոմպոզիտորների՝ Պրոկոֆևի, Ռավելի, Սկրյաբինի, Ռախմանինովի, Շյոնբերգի և Ստրավինսկու ստեղծագործությունները։ Դաշնամուրային արվեստի սիրահարների շրջանում նա լայնորեն ճանաչված է որպես մեր ժամանակների մեծագույն դաշնակահարներից մեկը, ով համընդհանուր հիացմունք է պատճառում խորաթափանց, մոգական, ինքնաբուխ մեկնաբանությամբ և երաժշտությանը նվիրված անզիջում նվիրումով։ 

Գրիգորի Սոկոլովը ծնվել է 1950 թվականին՝ Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): Դաշնամուր նվագել է սկսել հինգ տարեկանում, իսկ երկու տարի անց ուսումը շարունակել է Լենինգրադի կոնսերվատորիայի Կենտրոնական հատուկ դպրոցում՝ Լիա Զելիխմանի ղեկավարությամբ։ Հետագայում սովորել է Մոիսեյ Խալֆինի մոտ՝ Լենինգրադի կոնսերվատորիայում, իսկ 1962 թվականին Լենինգրադում հանդես է եկել իր առաջին մենահամերգով։ Նրա բացառիկ տաղանդը լայնորեն ճանաչվել է 1966 թվականին, երբ 16 տարեկան հասակում դարձավ Մոսկվայում անցկացվող Չայկովսկու անվան միջազգային դաշնամուրային մրցույթի Ոսկե մեդալակիրների պատմության մեջ ամենաերիտասարդ երաժիշտը։ Մրցույթի ժյուրիի նախագահ, մեծանուն դաշնակահար Էմիլ Գիլելսը հետագայում դարձավ Սոկոլովի արվեստի կարևորագույն աջակիցներից մեկը։ 

1970-ականներին Գրիգորի Սոկոլովը մեծ համերգային շրջագայություններով հանդես է եկել ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ Խորհրդային տարիներին նրա կենդանի ձայնագրությունները Արևմուտքում ձեռք բերեցին գրեթե առասպելական համբավ՝ վկայելով մի արվեստագետի մասին, որը միաժամանակ ամբողջովին ինքնատիպ էր և սնվում էր ռուսական դաշնամուրային դպրոցի հարուստ ավանդույթներից։ Խորհրդային Միության փլուզումից հետո Սոկոլովը սկսեց հանդես գալ Եվրոպայի առաջատար համերգասրահներում և փառատոներում։ Նա երկար տարիներ որպես մենակատար հանդես է եկել բարձրակարգ նվագախմբերի հետ՝ այդ թվում Նյու Յորքի ֆիլհարմոնիկի, Ամստերդամի Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի, Լոնդոնի Ֆիլհարմոնիայի, Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Մյունխենի ֆիլհարմոնիկի  և այլ նվագախմբերի հետ։ Այնուհետև նա ամբողջությամբ կենտրոնացավ մենահամերգների վրա՝ յուրաքանչյուր համերգաշրջանում հանդես է գալով շուրջ 70 համերգով:

Ի տարբերություն բազմաթիվ դաշնակահարների, Սոկոլովը բացառիկ ուշադրություն է դարձնում այն գործիքների մեխանիզմին և կարգավորմանը, որոնց վրա նվագում է։ Նա ժամեր է անցկացնում դաշնամուրի ֆիզիկական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար՝ համագործակցելով դաշնամուրի վարպետների հետ, որպեսզի գործիքը համապատասխանի իր բարձրագույն պահանջներին։ Նրա խոսքով. «Դաշնամուրին հասկանալու համար ժամեր են պետք, որովհետև յուրաքանչյուրն իր անհատականությունն ունի, և մենք միասին ենք նվագում»։ Երաժշտական գաղափարների հոսքի համար արվեստագետի և գործիքի այդ փոխհարաբերությունն ունի վճռորոշ նշանակություն։ Նա խնայողաբար է օգտագործում դաշնամուրի ոտնակը և մատների աշխատանքի բացառիկ վարպետության շնորհիվ կարողանում է ստեղծել հնչերանգների ամենանուրբ աստիճանական փոփոխություններից մինչև հնչողության ամենահամարձակ հակադրություններ։ 

Քննադատները պարբերաբար առանձնացնում են բարդ բազմաձայն հյուսվածքի մեջ առանձին ձայները զարմանալի հստակությամբ արտահայտելու և անընդհատ, ամբողջական մեղեդիական գծեր փոխանցելու նրա բացառիկ կարողությունը։ 

Գրիգորի Սոկոլովի արվեստը ստեղծում է այնպիսի կենտրոնացում, որը հանդիսատեսին հնարավորություն է տալիս նույնիսկ ամենածանոթ ստեղծագործություններին նայել բոլորովին նոր տեսանկյունից։ Մենահամերգի ընթացքում նա ունկնդիրներին ներքաշում է երաժշտության հետ անմիջական և խոր փոխհարաբերության մեջ՝ անցնելով արտաքին փայլի ու ցուցադրականության սահմաններից և բացահայտելով երաժշտության ավելի խոր՝ հոգևոր իմաստը։ Սոկոլովի արվեստը հիմնված է նրա բացառիկ անհատականության և ինքնատիպ խարիզմատիկ կերպարի վրա:

 Երկու տասնամյակ ձայնագրություններից հրաժարվելուց հետո, Սոկոլովը բացառիկ պայմանագրով համագործակցություն սկսեց Deutsche Grammophon-ի հետ։ Այդ համագործակցության արդյունքում թողարկվեցին մի շարք ձայնագրություններ՝ բացառապես կենդանի համերգների հիման վրա։ 2015 թվականին թողարկված նրա առաջին ձայնագրության համար նա ընտրեց 2008 թվականին Զալցբուրգի փառատոնում ունեցած իր համերգը՝ Մոցարտի, Շոպենի, Բախի, Ռամոյի և Սկրյաբինի ստեղծագործությունների կատարմամբ։ Մեկ տարի անց թողարկվեց երկրորդ ալբոմը՝ Շուբերտի և Բեթհովենի ստեղծագործություններով։ 2017 թվականին թողարկված երրորդ ալբոմը ներկայացնում է Մոցարտի և Ռախմանինովի դաշնամուրային կոնցերտների կենդանի կատարումները։ CD-ն համալրված է նաև Նադյա Ժդանովայի A Conversation That Never Was: A Portrait of Grigory Sokolov DVD-ով, որը կազմված է նրա ընկերների և գործընկերների հարցազրույցներից, ինչպես նաև նախկինում չհրապարակված մասնավոր ձայնագրություններից։ 2020 թվականին թողարկվեց Բեթհովենի, Բրամսի և Մոցարտի ստեղծագործություններով կրկնակի CD և DVD։ 2022 թվականի ապրիլին թողարկվեց Էստերհազի պալատում, Էյզենշտադտում, տեղի ունեցած համերգի ձայնագրությունը՝ Հայդնի երեք սոնատներով, Շուբերտի Չորս էքսպրոմպտ D.935-ով և մեծածավալ բիսային ծրագրով։ Իսկ 2024 թվականի հոկտեմբերին Deutsche Grammophon-ը թողարկեց Մաեստրո Սոկոլովի նոր կենդանի ձայնագրությունը՝ ամբողջությամբ նվիրված Փըրսելի և Մոցարտի երաժշտությանը ինչպես աուդիո, այնպես էլ տեսաձայնային տարբերակներով։