Դանիել Մյուլլեր-Շոթն այսօր աշխարհի ամենապահանջված թավջութակահարներից է, ում կարելի է լսել միջազգային բոլոր համերգային բեմերում: Տարիներ շարունակ նա հիացնում է հանդիսատեսին որպես դասական երաժշտության դեսպան՝ նվագելով աշխարհի առաջատար նվագախմբերի ու դիրիժորների հետ, ինչպես նաև կամուրջներ ստեղծելով երաժշտության, գրականության և կերպարվեստի միջև: The New York Times-ն ընդգծում է նրա «ընդգծված արտահայտչականությունը» և նկարագրում նրան որպես «անվախ երաժիշտ՝ շլացնող տեխնիկայով»:

Դ.Մյուլլեր-Շոթի 2025/26 համերգաշրջանի կարևոր իրադարձություններից են Էլգարի Թավջութակի կոնցերտի կատարումը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ, և կամերային երաժշտության երեկոն Նյու Յորքի «Carnegie Hall»-ում՝ «Մաքսիմ Վենգերով և ընկերներ» նախագծի շրջանակներում: Նա հանդես կգա նաև Ինդիանապոլիսի սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Յուն Մերկլ), Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Դանիելե Ռուստիոնի) հետ, ինչպես նաև «Kissinger Sommer» փառատոնի շրջանակներում՝ Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Դալիա Ստասևսկա):

Նախատեսված են Դանիել Մյուլլեր-Շոթի հյուրախաղերը Ասիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում՝ Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի (դիր.Լիոնել Բրենգիե), Օքլենդի ֆիլհարմոնիայի (դիր. Ջովանի Բելինչամպի), Թասմանիայի սիմֆոնիկի (դիր. Էյվինդ Օդլանդ) և Ադելաիդայի սիմֆոնիկ նվագախմբի (դիր. Մարկ Ուիգլսվորթ) հետ: Հունվարին կկայանան Դանիել Մյուլլեր-Շոթի ելույթները Թայվանում՝ Փոլ Հուանգի կամերային երաժշտության համերգաշարում և NSO նվագախմբի (դիր.Յուն Մերկլ) հետ: Ասիայում Մյուլլեր-Շոթը հյուրախաղերով հանդես է գալուWDR սիմֆոնիկ նվագախմբի հետ (դիր.՝ Անդրիս Պոգա), դրան նախորդող համերգներ ունենալով Քյոլնի ֆիլհարմոնիայում և Բիլեֆելդի «Rudolf-Oetker-Halle»-ում: «Vevey Spring Classic» փառատոնը, որը Դանիել Մյուլլեր-Շոթը հիմնադրել է դիրիժոր Վիլսոն Հերմանտոյի հետ համատեղ, 2026 թվականին կթևակոխի իր անցկացման 5-րդ տարին:

Դանիել Մյուլլեր-Շոթն այսօր աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի մշտական հյուրն է. ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի, Բոստոնի, Քլիվլենդի, Չիկագոյի, Փիլադելֆիայի, Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի նվագախմբերի հետ. Եվրոպայում՝ Բեռլինի ֆիլհարմոնիկի, Լայպցիգի «Gewandhaus» նվագախմբի, Բավարիայի պետական նվագախմբի, Մյունխենի ֆիլհարմոնիկի, ինչպես նաև Բեռլինի, Մյունխենի, Ֆրանկֆուրտի, Շտուտգարտի, Լայպցիգի, Համբուրգի, Կոպենհագենի, Պրահայի և Փարիզի ռադիոյի նվագախմբերի, Ֆրանսիայի ազգային նվագախմբի, Ցյուրիխի «Tonhalle» և Ցյուրիխի կամերային նվագախմբերի, Օսլոյի ֆիլհարմոնիկի, Լոնդոնի սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Նիդերլանդների ֆիլհարմոնիկի և Իսպանիայի ազգային նվագախմբի հետ: Ավստրալիայում նա հանդես է գալիս Սիդնեյի և Մելբուռնի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, իսկ Ասիայում՝ Տոկիոյի NHK սիմֆոնիկ նվագախմբի, Թայվանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Սինգապուրի սիմֆոնիկ և Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:

Թավջութակահարը համագործակցել է անվանի դիրիժորների հետ. Մարկ Ալբրեխտ, Կարինա Կանելակիս, Թոմաս Դաուսգարդ, Քրիստոֆ Էշենբախ, Իվան Ֆիշեր, Ալան Գիլբերտ, Մանֆրեդ Հոնեկ, Նեեմե Յարվի, Ֆաբիո Լուիզի, Կրիստիան Մեչելարու, Սուսաննա Մյալկի, Յուն Մերկլ, Խուանխո Մենա, Անդրիս Նելսոնս, Ջանանդրեա Նոզեդա, Անդրես Օրոսկո-Էստրադա, Կիրիլ Պետրենկո, Վասիլի Պետրենկո, Յուկա-Պեկա Սարաստե, Էմանուել Ճգնավորյան, Կշիշտոֆ Ուրբանսկի, Յապ վան Զվեդեն և այլք: Նա երկարատև համագործակցություն է ունեցել Յակով Կրայցբերգի, Կուրտ Մազուրի, Լորին Մաազելի և սըր Անդրե Պրեվինի հետ: Դանիել Մյուլլեր-Շոթը ոչ միայն կատարում է թավջութակի համար գրված կոնցերտներ բարոկկոյից մինչև ժամանակակից դարաշրջան, այլև մեծապես ձգտում է բացահայտել անհայտ ստեղծագործություններ՝ թավջութակի երկացանկն ընդլայնելու նպատակով, իր սեփական փոխադրումների և մեր օրերի կոմպոզիտորների հետ համագործակցության միջոցով: Ջորջ Ալեքսանդր Ալբրեխտը, սըր Անդրե Պրեվինը և Պետեր Ռուժիչկան իրենց թավջութակի կոնցերտները նվիրել Մյուլլեր-Շոթին:

Դանիել Մյուլլեր-Շոթի արվեստի կրեդոն է ստեղծել ընկալման համար ավելի բարձր ինտենսիվություն՝ երաժշտության, կերպարվեստի և գրականության միջև: Իր ելույթներից առաջ նա հանդես է գալիս ներածական խոսքով՝ ծրագրում ընդգրկված կոմպոզիտորների և նրանց ստեղծագործությունների վերաբերյալ: Նա նաև հաճախ գրում է իր ձայնասկավառակների բուկլետների տեքստերը: Վևեի (Vevey Festival) իր փառատոնում նա նախաձեռնել է «Բախ» նախագիծը պարային համարների հետ համատեղ: Թավջութակահարը մեծ սեր ունի կերպարվեստի, հատկապես 19-րդ դարի ֆրանսիական գեղանկարչության հանդեպ:

Դանիել Մյուլլեր-Շոթը մշտապես հրավիրվում է միջազգային երաժշտական փառատոների: Կամերային համերգներում նա համագործակցում է անվանի երաժիշտներ Քիթ Արմսթրոնգի, Ռենո Կապյուսոնի, Վերոնիկա Էբերլեի, Յուլիա Ֆիշերի, Յանին Յանսենի, Զաբինե Մեյերի, Նիլս Մյոնկեմեյերի, Աննե-Սոֆի Մուտերի, Ֆրանչեսկո Պիեմոնտեզիի, Էմանուել Ճգնավորյանի, Սիմոն Տրպչեսկիի, ինչպես նաև «Modigliani», «Aris» և «Ebène» քառյակների հետ:

Դանիել Մյուլլեր-Շոթը երկար տարիներ ներգրավված է «Rhapsody in School» նախագծում և վարպետության դասեր է անցկացնում ամբողջ աշխարհում: Ավելի քան երեսուն տարվա կարիերայի ընթացքում Դանիել Մյուլլեր-Շոթը ստեղծել է տպավորիչ դիսկոգրաֆիա, որն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների:

Դանիել Մյուլլեր-Շոթը սովորել է Վալտեր Նոտասի, Հայնրիխ Շիֆի և Սթիվեն Իսերլիսի ղեկավարությամբ: Նրան անձամբ աջակցել է Աննե-Սոֆի Մուտերը: Արժանացել է Aida Stucki Prize-ին, ինչպես նաև մասնավոր դասեր է առել Մստիսլավ Ռոստրոպովիչից: 15 տարեկանում՝ 1992 թվականին, Մոսկվայում Դանիել Մյուլլեր-Շոթը՝ Չայկովսկու անվան Պատանի երաժիշտների միջազգային մրցույթում նվաճել է Առաջին մրցանակ, ինչն էլ սկիզբ է դրել նրա մենակատարային կարիերային: Դանիել Մյուլլեր-Շոթը նվագում է «Ex Shapiro» Մատեո Գոֆրիլլեր 1727 թվականին կերտած թավջութակով (Վենետիկ):