Անտվերպենի սիմֆոնիկ նվագախմբի նորանշանակ գլխավոր դիրիժոր
Մեծ պահանջարկ վայելելով ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ օպերային երկացանկում՝ Մարկ Ալբրեխտը բարձր է գնահատվում ռոմանտիզմի և 20-րդ դարի ստեղծագործությունների իր ակնառու մեկնաբանությունների, ինչպես նաև ժամանակակից երաժշտությանն ակտիվորեն սատարելու համար:
Ներկայումս հանդիսանալով Անտվերպենի սիմֆոնիկ նվագախմբի նորանշանակ գլխավոր դիրիժոր՝ Ալբրեխտը լիարժեք կստանձնի այս պաշտոնը 2026/2027 համերգաշրջանից: 2011-2020 թվականներին նա զբաղեցրել է Նիդերլանդների ֆիլհարմոնիկ նվագախմբի և Նիդերլանդների ազգային օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը, որտեղ նրա գործունեությունը նշանավորվել է այնպիսի ուշագրավ բեմադրություններով, ինչպիսիք են Շյոնբերգի «Գուրրեի երգերը», Շտրաուսի «Արաբելլան» և Ցեմլինսկու «Ջրահարսը», ինչպես նաև Բերգի «Վոցեկ» օպերայի ձայնագրությունը, որն արժանացել է հեղինակավոր մրցանակի:
Ալբրեխտը մշտապես հանդես է գալիս աշխարհի առաջատար օպերային թատրոններում, այդ թվում՝ «Քովենթ Գարդեն» թատրոնում, Լա Սկալայում, Փարիզի օպերայում, Բավարիայի պետական օպերայում և Դրեզդենի Semperoper-ում: Նրա սիմֆոնիկ համագործակցությունները ներառում են Բեռլինի ֆիլհարմոնիկ, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Ֆրանսիայի ազգային նվագախմբերը, Գուլբենկյան նվագախումբը, Իտալիայի ռադիոհեռուստատեսության (RAI) ազգային սիմֆոնիկ նվագախումբը, NHK սիմֆոնիկ նվագախումբը, Քլիվլենդի նվագախումբը և Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նա նաև հաճախակի հյուր է խոշորագույն փառատոններում, ինչպիսիք են Բայրոյթի, Զալցբուրգի և Էքս-ան-Պրովանսի փառատոնները, ինչպես նաև «BBC Proms»-ը:
2025/2026 համերգաշրջանի գլխավոր իրադարձություններից են Վագների «Լոհենգրին» օպերայի բեմադրությունը և Շրեկերի «Գանձեր որոնողը» (Der Schatzgräber) օպերայի վերաբեմադրությունը՝ Բեռլինի Deutsche Oper-ում: Քյոլնի օպերայում նա ղեկավարում է Վագների «Հռենոսի ոսկին» և «Վալկիրիա» օպերաները՝ Պաուլ-Գեորգ Դիտրիխի բեմականացմամբ: Ալբրեխտը հանդես է գալիս նաև Բեռլինի «Ultraschall» փառատոնում՝ Բեռլինի Deutsches Symphonie-Orchester-ի հետ, ինչպես նաև ղեկավարում է Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Կաստիլիայի, Սևիլյայի թագավորական սիմֆոնիկ, Սան Պաուլո նահանգի սիմֆոնիկ նվագախմբերը և Բուենոս Այրեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը Teatro Colón-ում:
Ալբրեխտի հարուստ դիսկոգրաֆիան վկայում է քիչ հայտնի ստեղծագործությունները ի հայտ բերելու նրա նվիրվածության մասին: Մարկ Ալբրեխտի վերջին ձայնագրությունը՝ Ցեմլինսկու «Ֆլորենտական ողբերգություն» (Eine florentinische Tragödie) օպերան՝ Նիդերլանդների ազգային օպերայի և Նիդերլանդների ֆիլհարմոնիկի կատարմամբ, թողարկվել է «Pentatone» ֆիրմայի կողմից 2024 թվականի ապրիլին և արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին: 2021 թվականին Ալբրեխտն արժանացել է «OPUS KLASSIK»-ի «Տարվա դիրիժոր» մրցանակին՝ Ցեմլինսկու «Ջրահարսը» (Pentatone) նվագախմբի համար գրված ֆանտազիայի ձայնագրության համար, իսկ 2020 թվականին ստացել է «Լավագույն օպերային ձայնագրություն (20-րդ/21-րդ դար)» մրցանակը՝ Կորնգոլդի «Հելենայի հրաշքը» ձայնագրության համար Naxos ֆիրմայում:
Գլխավոր դիրիժորի պաշտոնում Ալբրեխտի գործունեության ընթացքում, Նիդերլանդների ազգային օպերան Միջազգային օպերային մրցանակաբաշխության (International Opera Awards) ժամանակ ճանաչվել է «Տարվա օպերային թատրոն» (2016 թ.) մրցանակին, իսկ 2020 թվականին արվեստի բնագավառում մատուցած ծառայությունների համար նա արժանացել է Նիդերլանդական առյուծի շքանշանի ասպետի կոչմանը: Նրա կարիերայի վաղ շրջանն անցել է լեգենդար Կլաուդիո Աբբադոյի հովանու ներքո: Վիեննայի և Համբուրգի պետական օպերաներում որպես կոնցերտմայստեր աշխատելուց հետո, Ալբրեխտը դարձել է Աբբադոյի ասիստենտը և առանցքային դեր է խաղացել Գուստավ Մալերի անվան պատանեկան նվագախմբի ստեղծման գործում: 1995 թվականին նա նշանակվել է Դարմշտադտի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Դրեզդենի Semperoper-ում առաջին կապելմայստերի պաշտոնը զբաղեցնելուց հետո:
