Լուիս Կաստիլլո-Բրիսենյոն 2025 թվականի Ռոտերդամի միջազգային դիրիժորական մրցույթի (Rotterdam International Conducting Competition) Գրան Պրիի հաղթողն է:

Որպես հրավիրյալ դիրիժոր Լուիսը հանդես է եկել Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի, Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիկի և Սանկտ Գալլենի սիմֆոնիկ նվագախմբի հետ: 2025/2026 համերգաշրջանում նա իր դիրիժորական դեբյուտը կկայանա Գյոթեբորգի սիմֆոնիկ, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Սիչուանի ֆիլհարմոնիկ, Բեռնի սիմֆոնիկ, Իսլանդիայի սիմֆոնիկ և Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:

Լուիսը Միացյալ Թագավորությունում իր դեբյուտը նշել է 2023 թվականի նոյեմբերին, ղեկավարելով Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը (LPO) «Brighton Dome» համերգասրահում: Այդ ժամանակից ի վեր մի քանի այլ համերգներ է ունեցել այս նվագախմբի հետ, որոնցից հատկապես ուշագրավ է ԱՄՆ կատարած հյուրախաղերը, որտեղ նա ղեկավարել է նվագախումբը «Grace Farms»-ի իններորդ տարեդարձին նվիրված բարեգործական համերգում: Լուիսը կշարունակի իր գործունեությունը Միացյալ Թագավորությունում այս համերգաշրջանում, որտեղ հանդես կգա Գլայնդբորնի փառատոնային օպերայում (Glyndebourne Festival Opera):

«BBC Music Magazine» ամսագրի կողմից որպես «Ծագող աստղ» (Rising Star) ճանաչված Լուիսը նախկինում զբաղեցրել է դիրիժորի ասիստենտի մի շարք պաշտոններ, այդ թվում՝ Վերբիե փառատոնում (2025 թ.), որպես Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի «Դուդամել կրթաթոշակառու» (Dudamel Fellow, 2024/2025 թթ.), Լոնդոնի ֆիլհարմոնիկի ստաժոր-դիրիժոր (LPO fellow conductor, 2023/2024 թթ.), ինչպես նաև եղել է «Equilibrium Young Artist» ծրագրի արտիստ (2021-2025 թթ.)՝ հանդիսանալով դիրիժոր և երգչուհի Բարբարա Հանիգանի սանը: Որպես Հանիգանի ասիստենտ նա ղեկավարել է բազմաթիվ նվագախմբեր, այդ թվում՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբ, Դանիայի ազգային սիմֆոնիկ, Քլիվլենդի նվագախումբ, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Ֆրանսիայի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Կոպենհագենի ֆիլհարմոնիկ, Musikkollegium Winterthur և Լոզանի կամերային նվագախումբ:

Լուիսն իր երաժշտական կրթությունը սկսել է հինգ տարեկանում ջութակով՝ Կոստա Ռիկայի Երաժշտության ազգային ինստիտուտում (Instituto Nacional de la Música): Տասնմեկ տարեկանում նա նույն հաստատությունում սկսել է սովորել ֆլեյտա, դառնալով Կոստա Ռիկայի մանկական սիմֆոնիկ նվագախմբի առաջին ֆլեյտահարը: Լուիսը նաև ունի դաշնակահարի  բակալավրի աստիճան Շվեյցարիայի Ցյուրիխի արվեստների բարձրագույն դպրոցից (Zürcher Hochschule der Künste): Որպես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր և օպերային թատրոնի կոնցերտմայստեր սովորել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանում, ինչպես նաև ստացել է մագիստրոսի աստիճան սիմֆոնիկ դիրիժորության գծով՝ Ցյուրիխի արվեստների բարձրագույն դպրոցից (ZHdK):