2021 թվականի հոկտեմբերին Նորայր Նազարյանը նշանակվել է «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն[1][2]՝ ստանձնելով նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահի կառավարումը։ Այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ օրս։

Նրա ղեկավարության տարիները նշանավորվել են ոչ միայն նվագախմբի միջազգային գործունեության ընդլայնմամբ, հյուրախաղերի, փառատոների և լայնածավալ համերգային ծրագրերի իրականացմամբ, այլև «Արամ Խաչատրյան» համերգասրահի հիմնարար վերափոխմամբ։ Իրականացվել է համերգասրահի վերանորոգման, տեխնիկական արդիականացման և տարածքների գործառնական վերակազմակերպման համալիր ծրագիր՝ նպատակ ունենալով Հայաստանի գլխավոր համերգային հարթակը համապատասխանեցնել ժամանակակից միջազգային չափանիշներին։ Վերափոխումների արդյունքում համերգասրահը դարձել է բազմահարթակ մշակութային համալիր, որտեղ հնարավոր է իրականացնել սիմֆոնիկ և կամերային համերգներ, միջազգային փառատոներ, կրթական ծրագրեր, շնորհանդեսներ և բացօթյա միջոցառումներ։

Այս աշխատանքների շարունակությունը դարձավ շենքի մեծ տանիքի հիմնարար վերափոխումն ու «Khachaturian Rooftop» նոր մշակութային հարթակի ստեղծումը։

Նրա պաշտոնավարման շրջանում՝ 2025 թվականին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նշել է հիմնադրման 100-ամյակը։ Հոբելյանական տարին ընդգրկել է Հայաստանում և արտերկրում անցկացված համերգներ, միջազգային հյուրախաղեր, հատուկ նախագծեր և աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ ծրագրեր։