Բազմաթիվ մրցանակների արժանացած դաշնակահար Ժան-Էֆլամ Բավուզեն ծավալում է բեղմնավոր ձայնագրման գործունեություն և միջազգային համերգային կարիերա: Նրա ելույթները բնութագրվում են որպես «նրբագեղ զգացմունքայնության, ամենանուրբ երանգավորմամբ և գեղեցիկ հնչողությամբ օժտված» կատարումներ (ըստ «Seen and Heard Magazine» ամսագրի): Բավուզեն հանդես է եկել Քլիվլենդի, NHK սիմֆոնիկ, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ, BBC-ի սիմֆոնիկ և Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև համագործակցել է բազմաթիվ հայտնի դիրիժորների հետ. Վլադիմիր Յուրովսկի, Ջանանդրեա Նոզեդա, Վասիլի Պետրենկո, Լյուդովիկ Մորլո, Էդվարդ Գարդներ, Լուի Լանգրե և այլք:
2025/2026 համերգաշրջանում Բավուզեի մենահամերգների աշխարհագրությունն ընդգրկում է չորս մայրցամաք՝ ելույթներով այնպիսի խոշոր համերգասրահներում, ինչպիսիք են Սիդնեյի «City Recital Hall»-ը, Կիոտոյի համերգասրահը, Պեկինի Կատարողական արվեստների ազգային կենտրոնը, Սեուլի «Kumho Arts Center»-ը, Ստոկհոլմի «Queen Silvia Concert Hall»-ը, «Glasshouse» միջազգային կենտրոնը, Վիեննայի համերգասրահը (Wiener Konzerthaus) և Նյու Յորքի Լինքոլն կենտրոնը: Որպես մենակատար Բավուզեն համագործակցել է Քվինսլենդի, Տրոնհեյմի, Օլբորգի և Ցինցինատիի սիմֆոնիկ նվագախմբերի, ինչպես նաև Վայմարի պետական կապելլայի (Staatskapelle Weimar) և այլ նվագախմբերի հետ:
Վերջին համերգաշրջաններում Բավուզեն հանդես է եկել «Ֆիլհարմոնիա» նվագախմբի հետ (Չինաստանում ութ համերգից բաղկացած հյուրախաղերի շրջանակներում՝ Լան Շուիի ղեկավարությամբ), Ֆիլադելֆիայի նվագախմբի, Բուդապեշտի փառատոնային նվագախմբի, Ֆրանսիայի ազգային նվագախմբի, Շանհայի, Սան Պաուլոյի, Ադելաիդայի, Սիդնեյի, Տոկիոյի մետրոպոլիտեն և BBC-ի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբի հետ նա, որպես դաշնակահար և դիրիժոր, ներկայացրել է երեք կոնցերտից բաղկացած ծրագիր, իսկ «Manchester Camerata»-ի հետ հյուրախաղերով հանդես է եկել մերձբալթյան երկրներում: Բավուզեն Verbier և «Bravo!, Vail երաժշտական փառատոնների հաճախակի հյուրն է, ինչպես նաև մենահամերգներով հանդես է գալիս Լոնդոնի Wigmore Hall համերգասրահում:
Բավուզեի ձայնագրությունները արժանացել են բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Gramophone», «BBC Music Magazine», «Diapason d’Or» և «Choc de l’Année»: Համագործակցում է բացառապես «Chandos» ձայնագրման ֆիրմայի հետ: Այս ֆիրմայում նրա վերջին ձայնագրությունը՝ Ռավելի Լիակատար ստեղծագործություններն էին մենանվագ դաշնամուրի համար, որը «Gramophone» ամսագրի կողմից արժանացել է բարձր գնահատականի: 2025 թվականին՝ Ռավելի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարում, Բավուզեն մենահամերգներով ներկայացրել է Ռավելի ստեղծագործությունները ավելի քան քսան համերգային հարթակներում:
Նրա մյուս ուշագրավ ձայնագրություններից են նաև Հայդնի դաշնամուրային սոնատների ամբողջական շարքը, որը «Gramophone»-ի կողմից որակվել է որպես «ժամանակակից նշաձող», «Պիեռ Սանկան. Երաժշտական տուրք» ձայնագրությունը BBC-ի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Յան Պասկալ Տորտելիեի ղեկավարությամբ, և «The Beethoven Connection» ալբոմը, որը բազմաթիվ գովեստների է արժանացել տարբեր պարբերականների, այդ թվում՝ «The New York Times»-ի կողմից: Սրան հաջորդել է նրա մեծապես գնահատված Բեթհովենի սոնատների ամբողջական շարքը և Շվեդական կամերային նվագախմբի հետ համատեղ Բեթհովենի դաշնամուրի կոնցերտների ձայնագրությունը, որտեղ նա հանդես էր գալիս որպես մենակատար և դիրիժոր: Հիշարժան են նաև Բավուզեի Մոցարտի դաշնամուրային կոնցերտների ամբողջական շարքի կատարումները «Manchester Camerata»-ի նվագախմբի հետ՝ Գաբոր Տակաչ-Նադիի ղեկավարությամբ, և Բարտոկի ու Պրոկոֆևի դաշնամուրային կոնցերտների ամբողջական ձայնագրությունները BBC-ի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Ջանանդրեա Նոզեդայի ղեկավարությամբ, որոնցից վերջինը հաղթել է 2014 թվականի «Gramophone Awards» մրցանակաբաշխության «Կոնցերտային կատարում» անվանակարգում:
Բավուզեն սերտորեն համագործակցել է այնպիսի հանրաճանաչ դիրիժորներ և կոմպոզիտորներ Սըր Գեորգ Շոլտիի, Պիեռ Բուլեզի, Կառլհայնց Շտոկհաուզենի, Զոլտան Կոչիշի, Գյորգի Կուրտագի, Մորիս Օհանայի, Վլադիմիր Աշկենազիի, Բրունո Մանտովանիի, Յորգ Վիդմանի և այլոց հետ: Նա նաև ակտիվորեն հանրահռչակում է ֆրանսիական քիչ հայտնի երաժշտությունը, հատկապես Գաբրիել Պիեռնեի և Ալբերիկ Մանյարի ստեղծագործությունները: 2012 թվականին Ժան-Էֆլամ Բավուզեն ճանաչվել է «ICMA Տարվա արտիստ», իսկ 2008 թվականին արժանացել է Պեկինի պատմության մեջ առաջին «Elite Prize» մրցանակին՝ Բեթհովենի սոնատների ամբողջական շարքի կատարման համար:
Նա հանդիսանում է Royal Northern College of Music-ի դաշնամուրային ամբիոնի Հրավիրյալ միջազգային արտիստը:
