Սերգեյ Կռիլովի գրավիչ վարպետությունը, արտահայտիչ քնարականությունը և հնչողության բացառիկ գեղեցկությունը, սրանք են վիրտուոզ ջութակահարի գեղարվեստական կերպարի մի քանի կողմերը միայն, որոնք թույլ են տալիս նրան դասել աշխարհի ժամանակակից լավագուն կատարողների շարքում:
Վերջին տարիներին Սերգեյ Կռիլովը ելույթներ է ունեցել Եվրոպայի առաջատար նվագախմբերի հետ՝ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ. Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբ (Օսմո Վանսկա), Ֆիլhարմոնիա նվագախումբ (Յուրա Վալչուա), DSO Բեռլինի նվագախումբ (Տոն Կուպման),
Orchestre National de Lyon (Նիկոլայ Ցնայդեր), Orchestre Philharmonique de Monte-Carlo (Յուկկա-Պեկկա Սարաստե), Filarmonica della Scala (Ֆաբիո Լուիզի), Belgian National Orchestra (Ստանիսլավ Կոչանովսկի), Royal Philharmonic (Մարին Ալսոփ) և այլ նվագախմբեր:
Սերգեյ Կռիլովը համագործակցել է անվանի դիրիժորների հետ. Վասիլի Պետրենկո, Ռոբերտո Աբբադո, Միխայիլ Պլետնյով, Անդրեյ Բորեյկո, Դմիտրի Լիսս, Անդրիս Պոգա, Տոնու Կալյուստե, Վլադիմիր Յուրովսկի, Դավիդ Աֆխամ և այլք:
Լինելով Լիտվայի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, Կռիլովը հանդես է գալիս և՛ որպես մենակատար, և՛ որպես դիրիժոր: Հարուստ է նրա երկացանկը՝ բարոկկո շրջանից մինչև ժամանակակից երաժշտություն:
Ընդարձակելով իր դիրիժորական գործունեությունը, Կռիլովը վերջին տարիներին աշխատել է Ռուսաստանի Ազգային նվագախմբի, English Chamber Orchestra-ի, Զագրեբի ֆիլհարմոնիկի, Միլանի Pomeriggi Musicali նվագախմբի, Ջենովայի Teatro Carlo Felice թատրոնի նվագախմբի, Նովոսիբիրսկի ֆիլհարմոնիկի և այլ նվագախմբերի հետ:
Իր գործունեության վաղ շրջանում Мелодия և EMI ֆիրմաներում կատարած ձայնագրություններից բացի, Կռիլովի դիսկոգրաֆիան ներկայումս ընդգրկում է Deutsche Grammophon-ում թողարկված երկու ձայնասկավառակներ՝ Վիվալդիի Տարվա եղանակներ և Պագանինիի 24 կապրիսների ընդգրկմամբ, իսկ Էցիո Բոսսոյի Ջութակի կոնցերտի („Esoconcerto“) համաշխարհային պրեմիերայի ընդգրկմամբ CD-ն թողարկվել է Sony Classical ֆիրմայում:
Սերգեյ Կռիլովը ձայնագրել է նաև Քշիշտոֆ Պենդերեցկու Ջութակի կոնցերտը («Մետամորֆոզներ»)՝ կոմպոզիտորի ղեկավարությամբ, հեղինակի ստեղծագործությանը նվիրված նախագծի շրջանակներում:
Սերգեյ Կռիլովը ծնվել է երաժիշտների ընտանիքում: Ջութակ սկսել է նվագել հինգ տարեկանից: Ավարտել է Մոսկվայի կենտրանական երաժշտական դպրոցը (Ս.Կրավչենկոյի դասարան): Կրթությունը շարունակել է Աբրամ Ստերնի և Սալվատորե Ակկարդոյի ղեկավարությամբ: 2012 թվականից Կռիլովը Լուգանոյի կոնսերվատորիայի (Շվեյցարիա) պրոֆեսոր է:
Մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների ժյուրիի աշխատանքներին. Չայկովսկու անվան XVI-րդ մրցույթ, Ֆրից Կրեյսլերի անվան 10-րդ մրցույթ (Վիեննա), ինչպես և Ջենովայի Պագանինիի անվան 55-րդ և 56-րդ մրցույթներ (որպես ժյուրիի նախագահ):

