Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար, դաշնակահար Ֆիլիպ Կոպաչևսկին ճանաչված է տարբեր երկրներում:
Ֆիլիպը ծնվել է 1990-ին՝ Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան և ասպիրանտուրան՝ պրոֆ. Ս.Դորենսկու դասարանում:
Կոպաչևսկին ութ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, որոնց թվում. Շուբերտի անվան դաշնակահարների 10-րդ մրջազգային մրցույթ, Չայկովսկու անվան 16-րդ մրցույթ:
Դաշնակահարը ելույթներ է ունեցել Ռուսաստանի Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախմբի, «Новая Россия» նվագախմբի, Մոսկվայի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի, Անգլիայի կամերային նվագախմբի, Sinfonia Varsovia, Filarmonica de Toscanini, Միլանի Վերդիի անվան նվագախմբերի, National il de France և այլ անվանի նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ, Վալերի Գերգիև, Վլադիմիր Սպիվակով, Միխայիլ Պլետնյով, Յուրի Բաշմետ, Միշել Պլասսոն, Ստանիսլավ Կոչանովսկի, Կոնրադ վան Ալֆեն, Դենիել Սմիթ, Չարլզ Օլիվյերի-Մոնրո, Մաքսիմ Վենգերով և այլ անվանի դիրիժորներ):
Ֆ.Կոպաչևսկին միջազգային փառատոների մշտական մասնակից է. Մայամիի, Arts Naples World Festival (ԱՄՆ), Steinway Festival (ԱՄՆ), Անսիի և Կոլմարի փառատոներ (Ֆրանսիա), Զատկի փառատոն և «Սպիտակ գիշերների» փառատոն (Սանկտ-Պետերբուրգ) և այլ միջազգային փառատոներ:
Մարիինյան թատրոնում դաշնակահարը մասնակցել է Բենջամին Միլպյեի “Without” բալետի համաշխարհային պրեմիերային, ինչպես և Մոսկվայի ֆիլհարմոնիայի կազմակերպած «20-րդ դարի աստղեր» նախագծին:
Կամերային երաժշտության ասպարեզում համագործակցել է Դավիդ Գերինգասի, Դմիտրի Սիտկովեցկու, Յուլիան Ռախլինի, Պավել Ներսեսյանի, Պավել Միլյուկովի, Նիկիտա Բորիսագլեբսկու,Ալեքսանդր Ռամմի, Նարեկ Հախնազարյանի, Վալերի Սոկոլովի, Բորիս Անդրիանովի և այլ հայտնի երաժիշտների հետ:
Ստանիսլավ Կոչանովսկու ղեկավարությամբ, Ռախմանինովի անվան «Ֆիլհարմոնիա-2» համերգասրահում Կոպաչևսկին մեկ երեկոյի ընթացքում կատարել է Չայկովսկու բոլոր կոնցերտները:
Ֆիլիպ Կոչաևսկին NHK հեռուստաընկերության պատվերով ձայնագրել է Շոպենի ստեղծագործություններից կազմված ձայնասկավառակ, Ճապոնիայում արժանանալով մեծ ճանաչման:
Նրա ձայնագրությունները թողարկվել են նաև հոլանդական Piano Classics և Brilliant Classics ֆիրմաներում:
2017-ին Ֆիլիպ Կոպաչևսկին արժանացել է Անդրեյ Վոզնեսենսկու հիմնադրամի «Պարաբոլա» երիտասարդական մրցանակին: