Սիմոն Տրպչեսկին մշտապես հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ. Քլիվլենդի և Ֆիլադելֆիայի նվագախմբեր, Նյու Յորք ֆիլհարմոնիկ, Լոս Անջելես Ֆիլհարմոնիկ, Սան Ֆրանցիսկոյի, Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբեր, Լոնդոնի սիմֆոնիկ և Ֆիլհարմոնիկ, Royal Liverpool Philharmonic, Royal Concertgebouw Orchestra, Royal Stockholm Philharmonic, Հոնգ Կոնգ Ֆիլհարմոնիկ, Չինաստանի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբեր:
Նրա մենահամերգները կայացել են Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի հեղինակավոր համերգասրահներում:
2018-19 համերգաշրջանում նախատեսված են Տրպչեսկու ելույթները Հյուսիսային Ամերիկայի Ravinia, Aspen, Cabrillo և այլ փառատոներում:
2017-18 համերգաշրջանում մեծ հաջողությամբ կայացել են դաշնակահարի երեք համերգները Wigmore Hall-ում, իսկ 2018-ին նույն համերգասրահում հանդես է եկել Բրամսի երկու կոնցերտների կատարմամբ՝ մեկ երեկոյի ընթացքում:
Սիմոն Տրպչեսկին հանդես է եկել Մարին Էլսոփի, Գուստավո Դուդամելի, Չարլզ Դյութուայի, Վլադիմիր Յուրովսկու, Անդրիս Նելսոնսի, Յուրի Տեմիրկանովի, Ռոբերտ Սպանոյի, Նեեմե Յարվիի, Վասիլի Պետրենկոյի և այլ անվանի դիրիժորների ղեկավարությամբ:
Դաշնակահարը բազմաթիվ ձայնագրություններ է կատարել EMI Classics, Avie Records, Onyx Classics, Wigmore Hall Live և այլ հեղինակավոր ֆիրմաներում՝ արժանանալով քննադատների բարձր գնահատանքին: Նրա ելույթներից շատերը հեռարձակվել են ուղիղ եթերով:
Որպես կամերային երաժիշտ Տրպչեսկին մասնակցել է հայտնի փառատոների. Aspen, Verbier, Risor, Bergen, Baltic Sea Festival և այլ փառատոներ:
Նա մշտապես համագործակցում է թավջութակահար Դանիել Մյուլլեր-Շոթի հետ, իսկ Ջուլյա Ֆիշերի և Դանիել Մյուլլեր-Շոթի հետ հանդես է եկել դաշնամուրային տրիոյի կազմում:
Մակեդոնիայի KulturOp մշակութային կազմակերպության աջակցությամբ Սիմոն Տրպչեսկին նպաստում է երիտասարդ երաժիշտների դաստիարակմանը: Նա վարպետության դասեր է անցկացնում աշխարհի տարբեր երկրներում:
Տրպչեսկու Makedonissimo նախագիծը նվիրված է Մակեդոնիայի ազգային երաժշտության պրոպագանդմանը:
Սիմոն Տրպչեսկին ծնվել է Մակեդոնիայում՝ 1979-ին: Ավարտել է Սկոպյեի Սրբ. Կիրիլլ և Սրբ.Մեթոդիուս համալսարանի երաժշտության բաժինը (պրոֆ. Բորիս Ռոմանովի դասարան): Արժանացել է BBC New Generation Artist մրցանակին, Ռոյալ ֆիլհարմոնիկ կազմակերպության Young Artist մրցանակին: 2009-ին Տրպչեսկուն շնորհվել է Մակեդոնիայի Նախագահի մրցանակը, իսկ 2011-ին Մակեդոնիայի Ազգային արտիստի կոչումը: