GRAMMY-ի մրցանակակիր Ջոշուա Բելլը, քառասուն տարի ի վեր իր պատվավոր տեղն է զբաղեցնում դարաշրջանի ամենահայտնի արտիստների թվում: Որպես ջութակահար Բելլը հանդես է եկել մենահամերգներով, կամերային ծրագրերով և աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ: Միաժամանակ նա հանդիսանում է Academy of St. Martin in the Fields նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը:
Ծնվել է Բլումինգթոնում, Ինդիանա: Ջութակ սկսել է նվագել 4 տարեկանից, իսկ 12 տարեկանից սկսել է նվագել Ջոզեֆ Գինգոլդի ղեկավարությամբ: 14 տարեկանում կայացել է նրա բեմելը Philadelphia Orchestra-ի հետ՝ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ:
Տասնութ տարեկանում ձայնագրություն է կատարել London Decca ֆիրմայում և այնուհետև ստացել է Avery Fisher Career Grant-ը:
2010-ին նա անվանվել է «Տարվա երաժիշտ»՝ Musical America երաժշտական ամենամյա ամսագրի կողմից: 2007-ին արժանացել է Avery Fisher Prize-ին: 2000-ին Ջոշուա Բելլը անվանվել է “Indiana Living Legend” («Ինդիանայի կենդանի լեգենդ»):
Ջոշուա Բելլի ելույթները հեռարձակվում են հայտնի հեռուստակայաններով և լույս տեսնում հեղինակային ալբոմների տեսքով:
2011-ից հանդիսանալով Academy of St. Martin in the Fields նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը (հաջորդելով Սըր Նեվիլլ Մարրիներին) Ջոշուա Բելլը ի թիվս բազմաթիվ համերգային ելույթների և հյուրախաղերի, ձայնագրություններ է կատարել հայտնի ֆիրմաներում, թողարկելով ալբոմներ (Վիվալդի՝ Տարվա եղանակներ, Ջութակի հնչյուններ և այլն) և արժանացել GRAMMY մրցանակի Բրուխի՝ Շոտլանդական Ֆանտազիայի ձայնագրման համար:
Ջոշուա Բելլի պատվերով գրվել են ժամանակակից կոմպոզիտորներ Ջոն Կորիլիանոյի, Էդգար Մեյերի, Բեհզադ Ռանջբարանի կոնցերտները: Իրականացվել են պրեմիերաներ և կատարվել ձայնագրություններ, դրանց թվում Նիքըլաս Մոուի Ջութակի կոնցերտը, որի համար արժանացել է GRAMMY մրցանակի:
Բելլը համագործակցել է տարբեր ժանրի անվանի երաժիշտների հետ. երգիչներ Ռենե Ֆլեմինգ, Սթինգ, Ռեգինա Սպեկտոր, ջազային դաշնակահար Չիկ Կորեա, շեփորահարներ Ուինթըն Մարսալես, Քրիս Բոտտի, սիթարահար Անուշկա Շանկար և ուրիշներ:
Իր մշտական գործընկերներ թավջութակահար Սթիվեն Իսերլիսի և դաշնակահար Ջերեմի Դենկի հետ, Ջոշուա Բելլը տրիոյի կազմում 2019-ին ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի տասը քաղաքներում և կատարել ձայնագրություններ: Ջոշուա Բելլը համագործակցել է Սինգապուրի Չինական նվագախմբի հետ, ներկայացնելով արևմտաեվրոպական երկացանկը` չինական ավանդական գործիքների մասնակցությամբ: Կատարել է նաև չինական երաժշտության հայտնի՝ «Սիրահարված թիթեռնիկներ» ջութակի կոնցերտը (թողարկվել է ալբոմ):
Ջոշու Բելլը մասնակցել է մի քանի կինոֆիլմերի երաժշտության ձայնագրմանը. Ջոն Կորիլիանոյի «Կարմիր ջութակը» երաժշտությունը արժանացել է կինոգործիչների ակադեմիայի մրցանակին:
Ջոշուա Բելլը Sony Classical ֆիրմայի բացառիկ արտիստ է: Նա ձայնագրել է ավելի քան 40 ալբոմ և ստացել է հեղինակավոր GRAMMY®, Mercury®, Gramophone և OPUS KLASSIK մրցանակներ:
2007-ին Washington Post-ը հրապարակել է Ջոշուա Բելլի՝ մետրոյում «ծպտված» նվագի մասին հոդվածը, որը արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Դրան հաջորդեց Քեթի Սթինսոնի «Ջութակով մարդը» մանկական գրքի թողարկումը,նվիրված այս պատմությանը: Գրքի հիման վրա նկարահանվեց նաև անիմացիոն ֆիլմ:
Իր առաջադիմական, մանկավարժական ծրագրերը Ջոշուա Բելլը 2021-ից հաջողությամբ իրագործում է Trala ինտերնետային հարթակով և տեխնոլոգիական միջոցներով:
Ջոշուա Բելլը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի երեք նախագահների և Գերագույն դատարանի ներկայացուցիչների առջև: Մասնակցել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբամայի ստեղծած Committee on the Arts and Humanities Մշակութային առաքելությանը Կուբայում, միանալով կուբացի և ամերիկյան երաժիշտներին Lincoln Center 2017-ի համերգին:
Ջուշուա Բելլը նվագում է 1713 թվականի Ստրադիվարիուս – Հուբերման ջութակով: