Ջինգ Ժաոն Չինաստանի իր սերնդի առաջատար թավջութակահարներից է: 2005-ին արժանացել է Մյունխենի ARD International Competition-ի 1-ին մրցանակի, իսկ 2009-ին ստացել է Ճապոնիայի Exxon Mobil Music award մրցանակը: Մեծանուն մաեստրո Սեյջի Օզավան Ջինգ Ժաոյին ընտրել է որպես մենակատար՝ ջութակահար Վադիմ Ռեպինի, դաշնակահար Լանգ Լանգի և երգչուհի Քեթլին Բեթլի հետ ելույթ ունենալու Չինաստանի Մեծ թատրոնի (Պեկին) Նոր Տարվա բացման համերգին: Սեյջի Օզավան գործուն աջակցություն է ցուցաբերել Չինգ Ժաոյի Բեռլին տեղափոխվելու և Karajan Academy-ում ընդունվելու համար, ինչպես և Յո Յո Մայից և Մ. Ռոստրոպովիչից անհատական դասեր ստանալու գործում: Ընդունելով թավջութակահարուհու բացառիկ օժտվածությունը, Ռոստրոպովիչը հնարավորություն ընձեռեց Ջինգ Ժաոյին ընդունվելու պրոֆ. Դավիդ Գերինգասի դասարան Բեռլինի Hanns-Eisler Hochschule fur Musik-ում: Ջինգ Ժաոն հանդես է եկել անվանի դիրիժորների ղեկավարությամբ. Սեյջի Օզավա, Լորին Մաազել, Ռիկարդո Մուտի, Անդրիս Նելսընս, Մյունգ-Վուն Չունգ, Մուհայ Թանգ, Միխայիլ Պլետնյով, Յուրի Բաշմետ, Կենիչիրո Կոբայաշի, Ժան Ֆուրնիե, Էլիահու Ինբալ և ուրիշներ: Ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ. NHK Symphony, New Japan Philharmonic, Beijing Symphony, Bayerische Rundfunk Orchestra և այլ նվագախմբեր: Ջինգ Ժաոն պահանջված կամերային երաժիշտ է և համագործակցում է հանրաճանաչ արտիստների հետ. Էմանուել Պայու, Գայ Բրունշտայն, Դայշին Կաշիմոտո, Պոլ Մեյեր, Բորիս Բերեզովսկի, Էրիկ լը Սաժ, Անտուան Տամեստիտ, Կոնստանտին Լիֆշից, Թրեվըր Փինոք և այլք: Մյունգ-Վուն Չունգի ղեկավարությամբ հյուրախաղերով հանդես է եկել Ասիայում և հրավիրվել է նվագելու Ճապոնիայի թագաժառանգ ջութակահար Նահուրիտոյի հետ: Մեծանուն դաշնակահար Մարթա Արգերիխը հրավիրել է Ջինգ Ժաոյին կատարելու և ձայնագրելու Չայկովսկու տրիոն Դորա Շվարցբերգի հետ միասին Լուգանոյի փառատոնում, որից հետո թավջութակահարուհին դարձել է այդ փառատոնի մշտական հրավիրյալ արտիստը: Նա ելույթներ է ունեցել նաև Երուսաղեմի, Զագրեբի, Ստամբուլի, Բոննի Roland’s Ecke, Բադ Քիսսինգենի, Արգերիխի Beppu Festival և այլ փառատոներում:
Ծնվել է Պեկինում: Սովորել է Պեկինի կենտրոնական կոնսերվատորիայում Սոնգ Տաոյի մոտ: Կատարելագործվել է Տոկիոյի երաժշտական քոլեջում: Բեռլինում ապրելու տարիներին Սիենայի Academia Chingiana-ում մասնակցել է Մարիո Բրունելլոյի և Գեորգ Ֆաուստի վարպետության դասընթացներին: 2019-ին թողարկվել են նրա 2 CD-ները՝ Ռուսական ալբոմը (Շոստակովիչի Թավջութակի կոնցերտ) և Չինական ալբոմը (Թան Դունի թավջութակի կոնցերտներ): Ջինգ Ժաոն նվագում է Մատտեո Գոֆրիլլերի 1711-ին կերտած թավջութակով, որը նրան տրամադրել է մասնավոր հիմնադրամը: