Համաշխարհային ճանաչում գտած օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն իրեն դրսևորել է երաժշտարվեստի ամենատարբեր ասպարեզներում: Դոմինգոն մեծ հեղինակություն է վայելում նաև որպես դիրիժոր: Նա եղել է Arena di Verona Centennial փառատոնի պատվավոր գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը, ինչպես և Los Angeles Opera-ի և Washington National Opera-ի գլխավոր տնօրենը:
Պլասիդո Դոմինգոն իր երկացանկում ունի ավելի քան 150 դերերգեր, մի նվաճում, ինչը գերազանցված չէ որևէ այլ երգչի կողմից: Նա ունեցել է ավելի քան 4,400 ելույթներ, կատարել հարյուրից ավելի ձայնագրություններ, հիսունից ավելի տեսաձայնագրություններ: Պլասիդո Դոմինգոն արժանացել է 12 Grammy մրցանակների:
Դոմինգոն հանդես է եկել երեք գեղարվեստական ֆիլմ-օպերաներում. Կարմեն, (բեմադրիչ՝ Ֆրանչեսկո Ռոսի), Տրավիատա և Օթելլո (բեմադրիչ՝ Ֆրանկո Ձեֆիրելլի): Պատմական էր երգչի կատարմամբ Կավարադոսիի դերակատարումը Տոսկա օպերայում, որը դիտել են ավելի քան մեկ միլիարդ հանդիսատես կենդանի հեռարձակմամբ Հռոմից (քաղաք, որի հետ է կապված օպերայի սյուժեն):
Պլասիդո Դոմինգոն իրավամբ համարվում է bel canto-ի և փոփ երաժշտության միջև երկխոսություն ստեղծելու նախաձեռնող: 1990- ից նա տասը տարի շարունակ ելույթներ է ունեցել Խոսե Կարերասի և Լուչանո Պավարոտտի հետ մեծաթիվ հանդիսատեսների առջև, դրանով իսկ նոր ունկնդիրներ ներգրավելով օպերային ժանրի ասպարեզ:
Դոմինգոն իրականացրել է մի շարք օպերաների համաշխարհային պրեմիերաներ: Միաժամանակ, նա պրոպագանդում է սարսուելայի ժանրը ամբողջ աշխարհում՝ հետևելով իր ծնողների ավանդույթին:
Նա հիմնադիրը և ղեկավարն է Operalia հեղինակավոր համաշխարհային օպերային մրցույթի, որի նպատակն է ի հայտ բերել և պրոպագանդել երիտասարդ տաղանդավոր երգիչների: Վերջին տարիներին Դոմինգոն հանդես է եկել Կոմս դի Լունայի դերերգով՝ Տրուբադուր-ում (2014), ինչպես և չորս այլ օպերաների համերգային կատարումներում. Աթանայել Տաիս-ում, Ֆրանչեսկո Ֆոսկարի Երկու Ֆոսկարիներ-ում (2017), Զուրգա Մարգարիտ որոնողներ-ում (2018), Միլլեր Լուիզա Միլլեր-ում (2019): Հանդես է եկել նաև “Carmencita & Friends” գալա համերգում (2022):
Պլասիդո Դոմինգոն որպես դիրիժոր ղեկավարել է ավելի քան 600 օպերային ներկայացումներ և սիմֆոնիկ համերգներ՝ հանդես գալով ամենահեղինակավոր նվագախմբերի հետ: 2009-ից երգիչը կատարել է բարիտոնային երկացանկի ամենանշանակալի դերերգերը, հատկապես Վերդիի օպերաներում` աշխարհի ամենահայտնի բեմերում:
Պլասիդո Դոմինգոյի վերջին շրջանի հիշարժան ելույթները տեղի են ունեցել Մադրիդի Auditorio Nacional-ում (2021) և Teatro Real-ում (2022), Տոկիոյում՝ Խոսե Կարերասի հետ (2023), Liederabend համերգային ծրագրում՝ Փալմ Բիչում և Bayerische Statsoper-ում: 2023-ին հյուրախաղերով հանդես է եկել Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Մոնտե-Կառլոյում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Մեքսիկայում, Հարավային Ամերիկայում, Կորեայում և Չինաստանում:
Դոմինգոյի ղեկավարած Operalia մրցույթը վերջին անգամ կայացել է 2023-ին՝ Հարավային Աֆրիկայում:
2020 թվականի համավարակից հետո Դոմինգոն վերսկսեց իր գործունեությունը և նրան շնորհվեց Ավստրիական երաժշտական թատրոնի մրցանակը: Կայացան նրա համերգները Նեապոլի Royal Palace of Caserta-ում և Լա Սկալայում:
2021 թվականի հունվարին Դոմինգոն նշել է իր 80-ամյակը Wiener Staatsoper-ում, հանդես գալով Նաբուկկո օպերայում, որը կենդանի հեռարձակվել է ավստրիական ORF հեռուստատեսությամբ: Իսկ 2024-ի ապրիլին նա կրկին ելույթ է ունեցել Նաբուկկո օպերայի բեմադրությունում՝ Փարիզում, որին հաջորդել են նրա հյուրախաղերը Լատինական Ամերիկայում և Ճապոնիայում: 2024-ին Grosses Festspielhaus-ում կազմակերպված աննախադեպ համերգում Դոմինգոն նշել է Զալցբուրգի փառատոնում իր բեմելի 50-ամյակը: Պատմական այս համերգում նրան շրջապատում էին միջազգային մեծ համբավ ունեցող արտիստներ:
2024-ի հուլիսին Խոսե Կարերասի հետ ելույթ է ունեցել Աթենքի օլիմպիական մարզադաշտում:
2021 թվականին Պլասիդո Դոմինգոյին շնորհվել է «Իսպանիայի համաշխարհային ժառանգության Պատվավոր դեսպանի» տիտղոսը, որը նրան հանձնվել է Արտասահմանյան մամլո թղթակիցների իսպանական ասոցիացիայի կողմից՝ «բարձրագույն մասնագիտական գործունեության համար»:
Քննադատները Դոմինգոյին անվանում են «Վերածննդի մարդ»: Նա արվեստի բնագավառում արժանացել է տարբեր երկրների բազմաթիվ պարգևների, տիտղոսների և մրցանակների: Նրան պարգևներ և կոչումներ են շնորհվել նաև մարդասիրական գործունեության համար. Նախագահի Ազատության մեդալ, Պատվավոր Լեգիոնի Ասպետի կոչում, Պատվավոր Ասպետի կոչում, Մեքսիկայի Orden del Águila Azteca, Gran Cruz de la Orden del Mérito Civil Isabel la Católica: Պատվավոր աստիճաններ է ստացել Օքսֆորդի, Հարվարդի, Նյու Յորքի, Սալամանկայի համալսարաններից և CC Forum պարգև հումանիտար գործունեության համար:
Պլասիդո Դոմինգոյի ստեղծագործական կարիերան առանց ընդհատվելու շարունակվում է ավելի քան կես դար: