Պետրոս Շեթիլյանը ծնվել է Հալեպում՝ Սիրիա: Հայկազյան և «Կարեն Յեպպե» հայկական վարժարաններն ավարտելուց հետո, տեղափոխվել է Հայաստան և սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի (ներկայումս քոլեջ) խմբավարական բաժնում: Շեթիլյանը ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ Յու. Տեմիրկանովի դասարանում: Ուսանողական տարիներին նա հրավիրվել է Անգլիայի Լեստեր քաղաքի The Bardi Orchestra-ն ղեկավարելու:
Այս ելույթին հաջորդել է Շեթիլյանի բեմելը Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկի հետ, որով և սկսվել է նրա հագեցած համերգային գործունեությունը Ռուսաստանում և արտերկրում:
Շեթիլյանը համագործակցել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանի նվագախմբի, Իտալիայի միջազգային նվագախմբի, Վորոնեժի ֆիլհարմոնիկի, Սարատովի ֆիլհարմոնիկի և այլ նվագախմբերի հետ: Մի քանի տարի նա եղել է Կրասնոդարի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը: Պետրոս Շեթիլյանը ղեկավարել է նաև Մոսկվայի կամերային նվագախումբը, որի հետ հյուրախաղերի է մեկնել Եվրոպա:
Շվեդիայի Lanstidningen Ostersund օրաթերթը Շեթիլյանի ելույթը այսպես է բնոըթագրել. «Եթե այս համերգը ձայնագրված լիներ, այն անմիջապես կթողարկվեր աշխարհի ցանկացած ձայնագրման ֆիրմայի կողմից»: Իսկ Barometern պարբերականը այս ելույթը գնահատել է որպես «բացարձակ համաշխարհային մակարդակի համերգ»:
Պետրոս Շեթիլյանը արժանացել է Ռուսաստանի մշակութային հիմնդարամի դիպլոմին և մեդալին՝ դիրիժորության ասպարեզում ունցած իր ձեռքբերումների համար:
Շեթիլյանը մասնակցել է Մոսկվայի Զատկի փառատոնին, Շվեդիայի Borgholms International Music Festival-ին և այլ փառատոների:
Իր կյանքի ընթացքում, Պետրոս Շեթիլյանը միշտ հավատարիմ է եղել իր հավատքին և եկեղեցուն: 2003 թվականին Հայ Առաքելական եկեղեցու (Կիլիկիայի թեմի կաթողիկոսարան) ամուսնացած քահանա ձեռնադրվելուց հետո, Շեթիլյանը ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ:
2008-ին նա Նյու Յորք նահանգի Տրոյ քաղաքում հիմնել է The Troy Orchestra-ն, շուրջ հինգ տարի լինելով դրա գեղարվեստական ղեկավարը:
Բացի դրանից, Պ.Շեթիլյանը մասնակցել է «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնին և համագործակցել Լոնդոնի Mozart Players նվագախմբի հետ՝ St. John’s Smith Square-ի համերգասրահում:
2022-ին Երևանում ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Ղեկավարել է նաև Springfield Symphony Orchestra-ն՝ Կաթողիկոս Արամ 1-ի ԱՄՆ այցելության առիթով:
Վերջին տարիներին Պետրոս Շեթիլյանին շնորհվել է առցանց Royal Music Competition-ի Ադամանդե մրցանակը, ինչպես նաև «Տեխնիկական կատարելություն» մրցանակը:
Նրա պարգևների թվում են «Լավագույն դիրիժոր» և «Ոսկե աստղ» մրցանակները՝ Music and Stars Awards մրցույթում: Անցյալ ամռանը նա արժանացել է նաև Global Genius երաժշտական մրցույթի Գրան Պրիին և Պլատինե մրցանակին:
Ներկայումս, Պետրոս Շեթիլյանը բնակվում է Մասաչուսեթսում, ԱՄՆ, որտեղ համատեղում է իր երկու հավատամքները՝ երաժշտի և հոգևորականի: