Չժան Գոյունը դիրիժորություն է սովորել Շանհայի կոնսերվատորիայում՝ պրոֆ.Հուանգ Քսիաոտոնգի ղեկավարությամբ: Չինաստանի կառավարության հովանավորությամբ 1993-ին Չժան Գոյունը շարունակել է իր կրթությունը Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ:
Ներկայումս նա Շանհայի կոնսերվատորիայի դիրիժորության բաժնի դեկանն է, պրոֆեսորի կոչումով, ինչպես և Շանհայի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը և Qingdao Symphony Orchestra-ի գեղարվեստական ղեկավարը:
Չժան Գոյունի լայն երկացանկը ընդգրկում է օպերաներ, բալետներ, սիմֆոնիկ և վոկալ սիմֆոնիկ ստեղծագործություններ, որոնց մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ռուս կոմպոզիտորների, մասնավորապես Շոստակովիչի ստեղծագործությունները:
Նրա ելույթները դրական արձագանք են ստանում մասնագետների և հանդիսատեսի կողմից:
Որպես Չինաստանի արվեստի ներկայացուցիչ Չժան Գոյունը վերջին տարիներին մշտապես մասնակցում է միջազգային նշանակալի երաժշտական իրադարձությունների, դրանց թվում՝ գալա համերգներ նվիրված Չին-Ամերկյան, Չին-Ֆրանսիական, Չին-Ռուսական և Չին- Լատինաամերիկյան մշակույթի օրերին:
2014-ին նա ղեկավարել է Կարմեն և Ռիկշա ֆիլմ-օպերաները National Centre for the Performing Arts-ում: Հաջորդ տարի Չժան Գոյունը հրավիրվել է ղեկավարելու NCPA նվագախմբի իտալական հյուրախաղերը, իսկ 2016-ին ղեկավարել է Չինաստանի Ֆիլհարմոնիկի առաջին հյուրախաղերը Ռուսաստանում:
2006-ին Չժան Գոյունը հրավիրվել է Իսպանիա որպես Կադակեսի 8-րդ միջազգային դիրիժորական մրցույթի ժյուրիի անդամ:
Չժան Գոյունը Շանհայի երաժշտական ասոցիացիայի և Չինաստանի երաժշտական ասոցիացիայի փոխնախագահն է: