Նարինե Զարիֆյան, կոմպոզիտոր, մանկավարժ,
երաժշտահասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
Ծնվել է Երևանում: Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջն ավարտելուց հետո սովորել է Երևանի Կոմիտասի անվան
կոնսերվատորիայում, պրոֆ. Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցայի դասարանում (1979-1984 թթ.): Նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան ավարտել է պրոֆ. Ղազարոս Սարյանի ղեկավարությամբ (1993 թ.):
Երևանի կոնսերվատորիայում կոմպոզիտորի ստեղծագործական աշխատանքը Զարիֆյանը համատեղում է մանկավարժական
գործունեության հետ՝ Հայաստանի և Սիրիայի երաժշտական դպրոցներում: 1997-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայի էստրադային- ջազային ամբիոնում: Ներկայումս նույն ամբիոնի վարիչն է, որը 2019-ից վերանվանվել է Ջազ-փոփ ամբիոնի:
1986-ից Նարինե Զարիֆյանը Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է, հանդես է գալիս կոմպոզիտորների համագումարներում և
հեղինակային համերգներով (3 համերգ 2018-ին և 2 համերգ 2021-ին):
Նրա ստեղծագործությունները հրատարակվել են, հեռարձակվում են ռադիոյով և հեռուստատեսությամբ, լույս են տեսել տեսահոլովակներ և CD-ներ: Զարիֆյանի երաժշտությունը, որն ընդգրկում է տարբեր
երաժշտական ժանրեր ուղղված է լայն լսարանին: Նրանում համատեղվում են ժողովրդական և աշուղական երաժշտության ավանդույթները, ինչպես և ջազային և փոփ երաժշտության տարրեր: Հրատարակված գործերի շարքում են՝ Ֆանտազիա Սայաթ-Նովայի թեմաներով ժողովրդական գործիքների քառյակի և սիմֆոնիկ նվագախմբի համար, Կոնցերտ-էլեգիա կիթառի և կամերային
նվագախմբի համար, Կվինտետ փայտափողային կազմի համար, մանկական երգեր, մեներգեր, խմբերգեր և այլ գործեր:
Նարինե Զարիֆյանը գրական և գիտամեթոդական հրապարակումների հեղինակ է, որոնք լույս են տեսել տարբեր ժողովածուներում և «Երաժշտական Հայաստան» ամսագրում:
Ն. Զարիֆյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով և բազմիցս արժանացել է տարբեր հուշամեդալների, մրցանակների և պատվոգրերի: