Մարկ Ալբրեխտը իր սերնդի ամենահայտնի դիրիժորներից է: Նա
միջազգայնորեն պահանջված է որպես գերմանա-ավստրիական ուշ
ռոմանտիզմի երկացանկի և ժամանակակից երաժշտության
մեկնաբան: Մեծ նվագախմբի հետ աշխատելիս Մարկ Ալբրեխտը
հիմք է ընդունում կամերային երաժշտության իր մոտեցումները:
Մարկ Ալբրեխտը բազմիցս արժանացել է բարձր պարգևների,
որոնց թվում. OPUS KLASSIK մրցանակ որպես Տարվա դիրիժոր՝
Ցեմլինսկու Ջրահարսը օպերայի ձայնագրության համար
(Pentatone ֆիրմա, 2021թ.), Հոլլանդական Առյուծի
շքանշանակիր, Հոլլանդիայի Ազգային օպերայի «Prix d’Amis»
մրցանակակիր (2020թ.):
Նույն տարում Մարկ Ալբրեխտը արժանացել է ևս մեկ OPUS KLASSIK
մրցանակի՝ «20-21-րդ դարի լավագույն օպերային ձայնագրություն»
անվանակարգում (NAXOS ֆիրմա): 2019-ին նրան անվանել են
«Տարվա լավագույն դիրիժոր», իսկ 2017-ին Ալբան Բերգի «Վոցցեկ» -ի
Հոլլանդիայի օպերային թատրոնում բեմադրության համար
նոմինացվել է ԳՐԵՄՄԻ մրցանակի: 2016-ին Հոլանդիայի Ազգային
օպերային թատրոնում նրա ղեկավարության ժամանակ թատրոնը
արժանացել է Եվրոպայի «Տարվա լավագույն թատրոն» մրցանակին:
2023/2024թթ.Մարկ Ալբրեխտը ելույթներ է ունեցել Բեռլինի,
Քյոլնի, Հռոմի և Դրեզդենի օպերային թատրոններում, ինչպես և
Netherlands Philharmonic Orchestra, Philharmonia Zürich, Konzerthausorchester Berlin, Orquesta de València, Orquestra Gulbenkian, Taiwan Philharmonic և այլ նվագախմբերի հետ:
Ալբրեխտը մեծ ազդեցություն է կրել իր ուսուցիչ Կլաուդիո
Աբբադոյից, որի ասիստենտն է եղել հինգ տարի շարունակ Gustav
Mahler Youth Orchestra-ում: Նա նշանակվել է Դրեզդենի Saxon State
Opera-ի առաջին կապելմայստեր և 1995-ին՝ 30 տարեկանում
դարձել է Դարմշտատի Staatstheater-ի ամենաերիտասարդ
գեղարվեստական ղեկավարը:
2006-ին Ալբրեխտը եղել է Ստրասբուրգի Orchestre Philharmonique-ի
գեղարվեստական ղեկավարը և 2011-ին տեղափոխվել է
Ամստերդամ, որտեղ օպերային ժանրը կրկին հայտնվել է իր
գործունեության ուշադրության կենտրոնում: 2016-ին նրա
պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2020 թվականը: Մարկ
Ալբրեխտը որպես դիրիժոր աշխատել է տարբեր երկրների
նվագախմբերի հետ և օպերային թատրոններում:
Ամստերդամի օպերայում Ալբրեխտը ղեկավարել է Մոցարտի
Կախարդական սրինգ և Դոն Ջովաննի, Բեթհովենի Ֆիդելիո,
Վերդիի Մակբեթ, Վագների Մայստերզինգերներ և
Տանհոյզեր, Ռ.Շտրաուսի Էլեկտրա, Պրոկոֆևի Խաղամոլը և այլ
օպերաներ:
Նրա ղեկավարությամբ 2014-ին բեմադրվել է Շյոնբերգի Գուռեի
երգերը, ինչպես և Վագների Վալկիրիան: Բեռլինի Deutsche
Oper-ում, Բրյուսելի, Փարիզի, Բարսելոնայի և Լոնդոնի օպերային
թատրոններում, ինչպես և Զալցբուրգի, Բայրոյթի փառատոներում
ղեկավարել է Բեռլիոզի, Մեսիանի, Ստրավինսկու, Մարտինուի,
Զիմերմանի, Ցեմլինսկու և այլ կոմպոզիտորների օպերաներ:
Մարկ Ալբրեխտը համագործակցել է հայտնի օպերային
ռեժիսորների հետ, որոնց թվում հատկապես հիշատակելի է նրա
համատեղ աշխատանքը Քեթի Միտչելի, Քրիստոֆ Լոյի, Կլաուս
Գութի, Հերբերտ Ֆրիտշի և Քշիշտոֆ Վարլիկովսկու հետ:
Մ.Ալբրեխտը որպես հրավիրյալ դիրիժոր ղեկավարել է Berliner
Philharmoniker, Concertgebouworkest, Münchner Philharmoniker, Orchestra
dell’ Accademia Nazionale di Santa Cecilia, Orchestre National de France,
Տոկիոյի NHK Symphony Orchestra, Քլիվլենդի, Դալլասի, Ստոկհոլմի,
Օսլոյի, Թուրինի, Ռոտերդամի, Բիրմինգհեմի նվագախմբերը:
Նիդեռլանդների ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է
Քորնգոլդի, Ռավելի, Դյուկայի, Բերգի, Շումանի, Դվորժակի,
Մալերի, Շտրաուսի, Բրամսի, Շյոնբերգի ստեղծագործությունների
ձայնագրությունները Pentatone ֆիրմայում: Ամստերդամում նրա
ղեկավարած օպերաները ձայնագրվել են Challenge ֆիրմանում: