Իմ Կոմիտասը… Հայի ճախրող հոգու ամենապոետիկ մարմնացումը… Աղբյուրների կարկաչյունն առած ու բույրը դաշտի ծաղիկների, մաքրությունը՝ վաղորդյան ցողի, խնդում է նա ու թաԽծում երգում անավարտ ցաքուցրիվ թափվող անձրեւի կաթիլների…
Կոմիտասի գցած հիմքի վրա հիրավի վեր խոյացավ արդի հայ երաժշտության Կենաց Ծառը…
Հսկաներն ապրում են ժամանակից դուրս։ Գրչի մի հպումով Կոմիտասը միացավ Նարեկացու ու Ռոսլինի, Մոմիկի եւ այլոց շարունակական երթին, որ խաթարվել էր պատմության թոհուբոհի մեջ։ Կոմիտասի հետ հայ արվեստ վերադարձավ հայ միջնադարին՝ Ոսկե դարին բնորոշ համաչափության կանոնը բանականի եւ զգացականի միջեւ գծած սահմանով։ Ինչպես հայ Վերածննդի վարպետները, Կոմիտասը նույնպես գրած ամեն մի գործ անց է կացնում գեղագիտականի «մաք- րարաններով»։ Կոմիտասի որդեգրած՝ «նվազագույն արտահայտչամիջոց առա- վելագույն արտահայտչականություն» սկզբունքը, փայլուն կերպով արտահայտված դաշնամուրային ստեղծագործության մեջ, զարմանալիորեն համահունչ է քսաներորդ դարի եվրոպական ստեղծագործական մտքին, մտածողությանը։ Կոմիտասի ծայր աստիճանի թափանցիկ ֆակտուրայում (բանվածքում) ճշգրտված է յուրաքանչյուր հնչյուն, յուրաքանչյուր դադար։ Կոմպոզիտորը հատուկ գորովանքով իմաս- տալցնում է ինտոնացիան, «խոսում» յուրաքանչյուր զարդանախշի հետ։ Դե իսկ ժողովրդական գործիքների հնչողությունը նմանակելու նրա հղումներից արեւելյան երանգ է ստանում «եվրոպացի» դաշնամուրը։ Հատկանշական է, որ ավարտելով դաշնամուրային պարերի երկրորդ խմբագրումը, ի դեպ այս տարբերակն է առաջին անգամ ներկայացվում ունկնդրին, Կոմիտասը 1916թ. գրած իր նամակում խոստովանում է. «Վերջապես գոհ եմ աշխատանքիցս, քանի որ կարողացա ազատվել ավելորդ պաճուճանքից»։ Անչափ էլեգանտ եւ անպաճույճ են «Պարերը», բնական ու թեթեւ, զարմանալի այն թեթեվությամբ, որն ուղեկցում է մշտապես ճշմարիտ կատարյալը։ Յոթ պարերի հիմքում Հայաստանի տարբեր գավառներից փոխառած «Մանուշակի», «Երանգի», «Ունաբի», «Մարալի», «Շուշիկի», «Հետ ու առաջ» ու «Կարնո շորորն» են։ Անհնար է հաղորդել այն հրճվանքը, որ ապրեցի թափանցելով կոմիտասյան երաժշտության խորքերը։ Իմ առջեւ, թվում էր, հետզհետե բացվում էին կոմիտասյան ջինջ հոգու ծալերը, պատկերը տալիս հայրենիքիս բնության ու ժողովրդիս տիեզերական հոգու ու երեւակայության, ծեսի ու ավանդության։ Այդպիսին ընկալեցի «Մշո շորոր» պատկերավոր շարքը, սքանչելի «Յոթ երգը», ազգայինի «կորիզին» հասած «Մանկական նվագները»։ Հանճարեղ «Տողիկը», վերջապես… Դեպի ուր ասես, կարող է դառնալ։ Կարող է մասը լինել Պատարագի, աղոթք լինել ու ձոն ոգուն, հայրենիքին…
Կոմիտասի ստեղծագործությունները հաճախ նմանեցնում եմ կախարդական տուփից հանված զարդերի։ Այդպիսին են վոկալ գործերը, որոնց սքանչելի մեղեդի- ները առնված են նվագակցության նրբին շրջանակի մեջ։ Այդպիսին են խմբերգերը` ձունձ ու խալի, հնչյուններից հյուսած… Ինչպիսի գույներ, ինչ գունախաղ… Ամենը մի պատկեր, հույզ, խոստովանանք… Կոմիտասի առաջին հայացքից սակավախոս երաժշտական տարածքում շնչում ու խոսում է ամեն մի ժեստ, ամեն մանրամասն… Առանձնակի խորությամբ ես դա զգում հանճարեղ Պատարագում, որում ակնհայ- տորեն նոր մակարդակով է մատուցվում ասելիքի կարեւորությունը։ Արական ձայնային կազմի համար գրված Պատարագը, եզակի իր տեսակի մեջ… Չի լսվում, արդյոք, նրանում Նարեկացու «Մատյան Ողբերգաց»-ի հեռավոր արձագանքը…
Ես միտումնավոր վարագույրի հետեւում եմ թողնում կոմպոզիտորի կյանքի խավա- րապատ էջերը, ենթադրելով, որ մեկը, ով իրեն ի վերուստ տրված առաքելությունը կատարել է նման հանճարագույն ձեւով, պիտի կամենար ավանդել հետնորդներին երջանիկ մարդու կյանքի պատմությունը…