Գերմանացի հռչակավոր կոմպոզիտոր, երաժշտական ռոմանտիզմի առաջին սերնդի ներկայացուցիչ Վեբերը պատմության մեջ
մնաց որպես գերմանական օպերայի երեք հիմնական ճյուղերի նախաձեռնող. հեքիաթային – կենցաղային՝ «Ազատ հրաձիգը», ասպետական սյուժեով՝ «Էվրիանտե» և ֆանտաստիկական
սյուժեով՝ «Օբերոն»: «Էվրիանտե»-ն գրվել է Գերմանիայում և Ֆրանսիայում տարածված լեգենդի հիման վրա: Սյուժեի հիմքում
ասպետ Ադոլյարի և նրա ազնվաբարո տիկնոջ Էվրիանտեի պատմությունն է: Վերջինս զոհ է դառնում ստոր
զրպարտանքի, սակայն բարի ուժերի միջամտությամբ ճշմարտությունը հաղթում է և Էվրիանտեն կրկին վայելում է քաջարի ասպետ Ադոլյարի սերը:
Այս և նման սյուժեներ հետագայում տարածում են ստացել ռոմանտիկ
կոմպոզիտորների ստեղծագործություններում (մասնավորապես Վագների «մեծ» ռոմանտիկական օպերաներում՝ Լոհենգրին, Տրիստան և Իզոլդե,
Տանհոյզեր և ուրիշներ): Վեբերից Վագները ժառանգել է նաև օպերային նախերգանքի տեսակը, որպես միամաս ինքնուրույն սիմֆոնիկ
ստեղծագործություն՝ հենված օպերայի առաջատար թեմաների վրա: Վեբերի «Էվրիանտե» նախերգանքում տեղ են գտել կոմպոզիտորի աչքի ընկնող տաղանդի լավագույն կողմերը. առատ մեղեդայնությունը, կերպարների տեսանելիությունը, ցայտուն թեմաները, քայլերգային հստակ ռիթմերը և գունեղ գործիքավորումը: