Ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը Almazian Symphony նվագախմբի հիմնադիրն է:
Sony Music Entertainment-ի հետ համագործակցությամբ Almazian Symphony նվագախումբը թողարկել է իր առաջին ալբոմը Ֆրանսիայի Ազգային հեռուստատեսության հետ համատեղ (France Televisions): 2018-ին կայացել է Խաչատուր Ալմազյանի և իր նվագախմբի ելույթը համաշխարհային հեղինակություն վայելող բալետի աստղ Սերգեյ Պոլունինի հետ Exit Festival-ում՝ գրանցելով 44.000 հանդիսատես: Խ. Ալմազյանն իր նվագախմբի հետ ձայնագրել է Էմիր Կուստուրիցայի «Ծիր կաթին» ֆիլմի երաժշտությունը (կոմպոզիտոր՝ Ստրիբոր Կուստուրիցա) և նույն ֆիլմում նկարահանվել է հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչիի հետ:
Խաչատուր Ալմազյանը ծնվել է Երևանում՝ երաժշտական ընտանիքում: Սովորել է Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ում՝ պրոֆ. Պետրոս Հայկազյանի դասարանում: Երևանի կոնսերվատորիայում նրա դասատուն էր պրոֆ. Վիլլի Մոկացյանը:
Կատարելագործվել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում՝ պրոֆ. Իգոր Օյստրախի, Նյու Յորքում՝ Միշա Քեյլինի և Փարիզում՝ Էդուարդ Վուլֆսոնի ղեկավարությամբ:
1997-ին արժանացել է Բելգիայի ռադիոյի և հեռուստատեսության մրցույթի Առաջին մրցանակին:
Խաչատուր Ալմազյանը համագործակցել է Գիլբերտ Վարգայի, Յուստուս Ֆրանցի, Սաուլյուս Սոնդեցկիսի, Ֆրենկ Շիփուեյի, Կոլյա Բլախերի, Ռուդոլֆ Վերթենի, Քրիստիան Բորի, Ալեքսանդր Մարկովիչի, Պոլինա Լեշչենկոյի, Մարկո Պարիսոտտոյի, Ֆրանկ Շպրիգուելի, Ուոլթեր Նոտասի, Օլեգ Պոլյանսկու, Վալերի Օյստրախի և այլ հայտնի երաժիշտների հետ: Ալմազյանը հանդես է եկել և ձայնագրություններ կատարել Shanghai Symphony, Ontario Philharmonic, Royal Scottish National Orchestra, National Orchestra of Belgium, Belgian Radio Philharmonic, Charlemagne Orchestra, I Fiamminghi, Orchestre Royal de Chambre de Wallonie, Moravian Philharmonic, Virtousi di Praga, Northern Mexico Philharmonic, Vojvodina Symphony, Philharmonie der Nationen, Geneva Soloists, Dubrovnik Symphony, «Հայաստանի վիրտուոզներ» և այլ նվագախմբերի հետ: Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների. Rheingau, Schleswig-Holstein, Ost-West-Musicfest, Finca, Van Vlaanders, Menton և այլն: Խաչատուր Ալմազյանը նվագում է Ջուզեպե Գալիանոյի 1774-ին կերտած ջութակով (Արա Սիմոնյանի անձնական հավաքածուից), ինչպես նաև Գարնիե ընտանիքի կողմից տրամադրած Gand & Bernardel (1886) ջութակով: Ալմազյանը ձայնագրել է երկու ալբոմ Sonoris ձայնագրման ֆիրմայում (ԱՄՆ): Որպես պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը իրականացնում է տարբեր նախագծեր, որոնց թվում արվեստի փառատոներ, արհեստական ինտելեկտի զարգացման երաժշտական ստեղծագործություններ և այլն: Խաչատուր Ալմազյանը եղել է Էմիր Կուստուրիցայի և նրա The No Smoking նվագախմբի հայաստանյան հյուրախաղերի կազմակերպիչը և պրոդյուսերը: