Քննադատմներից մեկի արտահայտությամբ. «Ներկայիս դասական երաժշտության ասպարեզում Լուսինե Խաչատրյանին կարելի է անվանել «դաշնամուրի պոետ»:
Լուսինեի միջազգային ելույթները ջերմորեն են ընդունվել հայտնի համերգասրահներում. Ֆրանկֆուրտի Alte Oper, Վիսբադենի Kurhaus, Մյունխենի Herkulessaal, Շտուտգարտի Liederhalle, Ցյուրիխի Tonhalle, Ամստերդամի Concertgebouw, Փարիզի Louvre, Salle Gaveau և Théâtre des Champes-Élysees, Լոնդոնի Wigmore Hall, Բրյուսելի Flagey և Palais des Beaux Arts, Դուբլինի National Concert Hall, Բարսելոնայի Palau de la Musica, Մադրիդի Auditorio Nacional, Նյու Յորքի Carnegie Hall, Քվեբեկի Grande Théâtre, Մոնրեալի Oscar Peterson Hall, Տոկիոի Oji Hall, Երևանի Արամ Խաչատրյան և այլ հայտնի համերգասրահներ:
Ստեղծագործական ուղու ընթացքում Լուսինեն արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների: Դրանց թվում են. Baden Cultural Foundation («Երաժշտական առաջընթացի համար» պարգև), Կառլսրուհեի երաժշտական ակադեմիայի “Freundeskreis” կրթաթոշակ, Deutsche Stiftung Musikleben-ի գերմանական հիմնադրամի հատուկ դրամաշնորհ և այլն:
Լուսինեն միջազգային մրցույթների մրցանակակիր է. “Città di Ostra”, “Città di Marsala” (Իտալիա, 2003) և Նորմանդիայի, Ուիսթրիմի և Հավրի 2-րդ Եվրոպական դաշնամուրային մրցույթ (2009):
Լուսինեն հանդես է գալիս մենահամերգներով, սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ և կամերային երաժշտության բազմապիսի ծրագրերով: Հայտնի է նրա մշտական համագործակցությունն իր եղբոր՝ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ: Նրանց համատեղ ձայնագրությունների թվում են դեբյուտային CD-ն EMI Classics ֆիրմայում (2002), ֆրանսիական Naïve ֆիրմայում՝ Ֆրանկի և Շոստակովիչի ջութակի և դաշնամուրի սոնատները (2007), Բրամսի սոնատների լրիվ շարքը (2013), հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ընդգրկող «Իմ Հայաստան» ձայներիզը (2015), որն արժանացել է հեղինակավոր ECHO Klassik մրցանակին:
2012-ին Լուսինե Խաչատրյանն առաջին անգամ հանդես եկավ իր իսկ ստեղծած «Դաշնամուրային թատրոն» ձևաչափով, որտեղ դրամատիկական արվեստը համատեղվում է դաշնամուրային կատարողականության հետ: Թատերական արվեստի միջոցով երաժշտությունը հասնում է յուրօրինակ արտահայտչականության:
Մինչ օրս Լուսինեն գրել և թողարկել է հետևյալ դաշնամուրային բեմադրությունները. «Մարիա Ստյուարտ» ըստ Շիլլերի (2012), Շոպեն՝ «Դաշնամուրն իմ երկրորդ Ես-ն է» (2013), «Կլարա Վիկը կատարում է Շուման» (2013), «ԿԱՐՈՏ»` հայկական հոգու և մշակույթի մասին» և «Ինչ է դեմոկրատիան» (2016):
«Լուսինե Խաչատրյանը հիանալի դաշնակահարուհի է, հնչեղ ձայնով և արտակարգ տեխնիկայով…» New York Times 02.05.2007