«Արտերկրի և ոչ մի դաշնակահար չի առաջացրել այդպիսի հիացական ընդունելության՝ սկսած այն ժամանակից, երբ Գլեն Գուլդը այցելեց Մոսկվա, իսկ Վան Կլիբերնը հաղթող ճանաչվեց Չայկովսկու անվան մրցույթում»:
THE HUFFINGTON POST
«Լյուկա Դեբարգի արվեստը դուրս է դաշնամուրային արվեստի սահմաններից: Այն հնչյունի իսկական փիլիսոփայություն է»:
LE DEVOIR
Լյուկա Դեբարգը հանդես է գալիս աշխարհահռչակ նվագախմբերի հետ, հայտնի համերգասրահներում. Նյու Յորքի Carnegie Hall, Չիկագոյի Symphony Hall, The Kennedy Center, Սիեթլի Benaroya Hall, Բոստոնի Jordan Hall և Sanders Theatre, Մոնրեալի Maison de la Musique, Տորոնտոյի Royal Conservatory, Theatre des Champs Elysées, Philharmonie de Paris, Լոնդոնի Wigmore Hall և Royal Festival Hall, Berlin Philharmonic, Ամստերդամի Concertgebouw, Տոկիոյի, Շանհայի, Տայպեի, Սեուլի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի համերգասրահներում (դիրիժորներ՝ Վալերի Գերգիև, Միխայիլ Պլետնյով, Վլադիմիր Յուրովսկի, Անդրեյ Բորեյկո, Տուգան Սոխիև, Բերտրան դե Բիլլի, Ստեֆան Դենեվ, Մաքսիմ Եմելյանիչև և այլք): Կամերային երաժշտության ասպարեզում նրա գործընկերներից են Գիդոն Կրեմերը, Մարտին Ֆրոսթը, Կլաուս Մեկելեն, Յանին Յանսենը և անվանի այլ երաժիշտներ:
Լյուկա Դեբարգը ծնվել է 1990-ին: Տասը տարեկանից ապագա երաժիշտն իր ուղին սկսել է Փարիզի համալսարաններից մեկում՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան: Նրա կյանքում շրջադարձային եղավ հանդիպումը անվանի մանկավարժ Ռենա Շերեշևսկայայի հետ՝ ճանապարհ հարթելով դեպի պրոֆեսիոնալ դաշնամուրային արվեստը:
Դաշնակահարի ընդարձակ նվագացանկն ընդգրկում է դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների լայն ընտրանի: Նրա համար ոգևորիչ են գրականությունից, կերպարվեստից, ջազային երաժշտությունից եկող խթանները, որոնք արվեստագետի մեկնաբանումների մեջ ստանում են իրենց յուրօրինակ սինթեզը:
Դեբարգը վերհանում և կատարում է անիրավացի կերպով մոռացված կամ քիչ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կառոլ Շիմանովսկի, Նիկոլայ Մեդտներ, Միլոշ Մագին և ուրիշներ):
Լյուկան մենանվագ դաշնամուրի համար գրված 20-ից ավելի գործերի հեղինակ է: Ստեղծագործությունների թվում են նաև Դաշնամուրային տրիոն, կամերային օպերան և “Orpheo di camera” կոնցերտինոն՝ դաշնամուրի, հարվածայինների և լարայինների համար, որի պրեմիերան կայացել է 2017-ին “Kremerata Baltica” կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Գիդոն Կրեմեր):
Լյուկա Դեբարգը Sony Classical ձայնագրման ֆիրմայի արտիստ է: Այս ֆիրմայում նա վերջերս թողարկել է իր վեցերորդ ալբոմը՝ Գաբրիել Ֆորեի դաշնամուրային ժառանգության լիակատար ընդգրկումով:
France Musique ֆրանսիական ազգային ռադիոյին տրված իր հարցազրույցում Դեբարգը ասել է, որ «Ֆորեի երաժշտությունը ստեղծված է կրակից, արյունից և ինքնամոռաց նվիրումից»:
Լյուկայի հաջողությունը Չայկովսկու անվան միջազգային մրցույթում հիմք է հանդիսացել “To Music” վավերագրական ֆիլմի ստեղծման համար, որի ռեժիսորն էր Մարտին Միրաբելը, իսկ պրոդյուսերը՝ Bel Air Media-ն: Այս ֆիլմը ցուցադրվել է 2018 թվականի Բեարրիցի միջազգային կինոփառատոնում: