Առաջին կատարումը` 1805, Վիեննա, դիրիժոր` հեղինակ: Այս ստեղծագործությունը շրջադարձային էր սիմֆոնիայի ժանրում: Բեթհովենն այն նվիրել էր Նապոլեոն Բոնապարտին, որի կերպարը գրավիչ էր շատերի համար: Առավել ևս մեծ էր կոմպոզիտորի հիասթափությունը, երբ Նապոլեոնը ոտնակոխ արեց ֆրանսիական հեղափոխության նվաճումները և իրեն կայսր հռչակեց: Հայտնի է, որ Բեթհովենը, պատռելով սիմֆոնիայի նախկին անվանաթերթը, իր այս ստեղծագործությունն անվանեց «Հերոսական»: Սիմֆոնիայի հավաքական հերոսը Մարդն է, որը պայքարում է ողջ աշխարհի երջանիկ ապագայի համար: Այս լարված պայքարն իր արտահայտությունն է գտնում 1-ին մասում: Բայց հաղթանակը ձեռք է բերվում մեծ զոհերի գնով, և Բեթհովենը ստեղծագործության 2-րդ մասում, առաջին անգամ սիմֆոնիայի պատմության մեջ ներկայացնում է սգո քայլերգ: 3-րդ մասը դրամատիկական սկերցո է, որն իր սրընթաց շարժումով հանգեցնում է լուսաշող ֆինալի: Վերջինիս բազմաբնույթ վարիացիաները հաստատում են հաղթանակի գաղափարը: