Էքարտ Պրոյը Պորտլենդի սիմֆոնիկ նվագախմբի, Լոնգ Բիչ սիմֆոնիկ նվագախմբի (CA) և Ցինցինատիի կամերային նվագախմբի (OH) ղեկարվեստական ղեկավարն է:
Նախկինում Պրոյը եղել է Spokane Symphony (WA) և Stamford Symphony (CT) նվագախմբերի գեղարվեստական ղեկավարը, Richmond Symphony-ի (VA) գլխավոր դիրիժորի օգնականը, American Symphony Orchestra-ի և American Russian Young Artists Orchestra-ի ռեզիդենտ դիրիժորը: Պրոյը հանդիսացել է նաև Orchestre International de Paris-ի երաժշտական ղեկավարը:
Էքարտ Պրոյի գործունեության նշանակալի նվաճումներից էին նրա համերգները Կարնեգի Հոլլում և Փարիզի Սորբոնի համալսարանում՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նա իրականացրել է «Նամակներ Լինքոլնից» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան և ձայնագրությունը, որը պատվիրված էր Spokane Symphony-ի և Մայքլ Դոգերտիի կողմից (մենակատար՝ Թոմաս Հեմփսոն):
Պրոյը համագործակցել է անվանի մենակատարներ Սարա Չանգի, Աննե Ակիկո Մեյերսի, Ժան-Ֆիլիպ Քոլարի, Վլադիմիր Ֆելցմանի, Լեյլա Յուզեֆովիչի, Լուի Լորթիի, Ռիչարդ Շտոլցմանի և այլ արտիստների հետ:
Է.Պրոյը ղեկավարել է Երուսաղեմի սիմֆոնիկ, Չիլիի սիմֆոնիկ, Բոգոտայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Մեքսիկայի Orquesta Filarmonica de Jalisco, Նոր Զելանդիայի Auckland Philharmonia, Իսպանիայի Տեներիֆեի սիմֆոնիկ և մի շարք այլ հայտնի նվագախմբեր:
2010-11-ին Էքարտ Պրոյը եղել է Պորտլենդի սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժորը:
Ծագումով գերմանացի Պրոյը ԱՄՆ է տեղափոխվել որպես Գերմանիայի ազգային դիրիժորական մրցույթի հաղթող (1996)` ուսումը շարունակելու համար Hartt School of Music-ում, Հարոլդ Ֆարբերմանի ղեկավարությամբ:
Գերմանիայում դիրիժորություն է սովորել Վայմարի Hochschule für Musik-ում՝ Գյունտեր Կահլերտի և Նիկըլաս Պասկեի ղեկավարությամբ: Փարիզի Conservatoire National Supérieur de Musique-ում սովորել է նաև Ժան-Սեբաստիան Բերոյի մոտ: Պրոյի ուսումը տարբեր ուսումնական հաստատություններում հնարավոր է դարձել Հերբերտ ֆոն Կարայանի և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամների կրթաթոշակների և Ֆրանսիայի մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ:
Տասը տարեկանից Էքարտ Պրոյը եղել է Dresdner Kreuzchor տղաների երգչախմբի անդամ, հետագայում դառնալով վերջինիս մենակատարը և դիրիժորի ասիստենտը: Ներկայումս Պրոյը բնակվում է Սփոքեյնում՝ Վաշինգտոնում: