Գուրգեն Բավեյանի 2021/22թթ. համերգաշրջանի ձեռքբերումներից է համերգների շարքը Ռավեննա փառատոնում՝ մաեստրո Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ: Այս համագործակցությանը նախորդել է նույն դիրիժորի ղեկավարությամբ Շուբերտի Մեսսայի կատարումը Բավեյանի մասնակցությամբ, դարձյալ Ռավեննայի փառատոնում:
Որպես Բազելի թատերախմբի անդամ Բավեյանը հանդես է եկել Կիրիլ Սերեբրեննիկովի բեմադրած Սևիլյան սափրիչը օպերայում գլխավոր դերերգով, ելույթ է ունեցել Լիմայի Gran Teatro Nacional, Անկոնայի Teatro delle Muse և Սասսարիի Teatro Verdi թատրոններում:
2018-ին OpernWelt ամսագիրը Բավեյանին շնորհել է «Տարվա ամենապահանջված երգիչ» կոչումը: Բավեյանի վերջերս կայացած դերերգերի թվում են. Դոն Ալվարոն՝ Ռոսսինիի Ճամփորդություն դեպի Ռեյմս օպերայում՝ Բարսելոնայի Gran Teatre del Liceu-ում, Պեզարոյի Rossini Opera Festival-ում և Վիեննայի Musikverein-ի Ոսկե սրահում:Կատարել է նաև Դանդինիի դերերգը՝ Ռոսսինիի Մոխրոտը օպերայում New Generation փառատոնի շրջանակներում և Շոնարի դերերգը՝ Բոհեմում, Կլագենֆուրտի Stadttheater-ում: Գուրգենը համերգային կատարումներով հանդես է եկել Ամստերդամի Concertgebouw-ում՝ Նիդեռլանդների Ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ինչպես և Սանկտ Պետերբուրգի Սպիտակ գիշերների աստղեր փառատոնում:
Որպես Ֆրանկֆուտի օպերայի հրավիրյալ արտիստ Գուրգեն Բավեյանը հանդես է եկել մի շարք դերերով, որոնցից հիշատակելի են. Կոմսը՝ Ֆիգարոյի ամուսնություն, Մարուլլոն՝ Ռիգոլետո, Չեկունովը՝ Յանաչեկի Մեռյալների տունը, Մաժորդոմը՝ Ռիխարդ Շտրաուսի Կապրիչո և այլ օպերաներում:
2008-2013-ը Գուրգեն Բավեյանը եղել է Հայաստանի Ազգային օպերային թատրոնի թատերախմբի անդամ և որպես հրավիրյալ արտիստ համագործակցել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Երևանի կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի հետ, կատարելով առաջատար դերերգեր. Սիլվիո՝ Պայացներ, Պինգ՝ Տուրանդոտ, Շոնար՝ Բոհեմ, Մորալես՝ Կարմեն, Բելկորե՝ Սիրո ըմպելիք և Էնրիկո՝ Լուչիա դի Լամերմուր:
Գուրգենը Պեզարոյի Ռոսսինիի օպերային փառատոնի Accademia Rossiniana-ի անդամ է:
2017-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան: Այնուհետև սովորել է Մայնի Ֆրանկֆուրտի Hochschule für Musik und Darstellende Kunst կոնսերվատորիայում՝ պրոֆ.Հեդվիգ Ֆասբենդերի ղեկավարությամբ:
2013-ին Գուրգեն Բավեյանը արժանացել է Պավել Լիսիցյանի անվան մրցույթի 2-րդ մրցանակին, իսկ 2010-ին ՀՀ Նախագահի մրցանակին: