Բրունո Մանտովանին ծնվել է 1974-ին: նա բազմակողմանի երաժիշտ է, կոմպոզիտոր և դիրիժոր: 2010-2019 թվականը եղել է Փարիզի երաժշտության և պարի ազգային կոնսերվատորիայի տնօրենը, այնուհետև նույն հաստատությունում աշխատել է որպես ժամանակակից երկացանկի պրոֆեսոր: Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում, որտեղ էլ շահել է հինգ Առաջին մրցանակները, այնուհետև ՝ IRCAM- ում: Նրա ստեղծագործությունները միջազգային հաջողության են արժանացել սկսած 1995-ից և ներկայացվել են այնպիսի դահլիճներում, ինչպիսիք են Ամստերդամի Concertgebouw, Բեռլինի Ֆիլհարմոնիան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Ֆիլհարմոնիան և Վիեննայի Musikverein-ը: Հավատարիմ իր նախընտրած կատարողներին՝ նա համագործակցել է հեղինակավոր մենակատարների (Ռենո և Գոտիե Կապյուսոն), դիրիժորների՝ Պիեռ Բուլեզ, Ռիկարդո Շայի, Յաննիկ Նեզե Սեգեն, Տուգան Սոխիև և նվագախմբերի հետ. Բեռլինի ռադիո, Չիկագոյի սիմֆոնիկ, Ֆրանսիայի ազգային, Լայպցիգի Gewandhaus, Լոնդոնի BBC, Նյու Յորքի Ֆիլհարմոնիկ, Փարիզի օպերա, Ֆրանսիայի Ռադիոյի Ֆիլհարմոնիկ: Նա բազմաթիվ պարգևների է արժանացել միջազգային մրցույթներում, ստացել բազմաթիվ մրցանակներ Ֆրանսիայում և արտերկրում: 2015թ. հունվարին նա արժանացել է Արվեստի և գրականության շքանշանին, 2012-ի ապրիլին նրան շնորհվել է Արժանիքների համար ասպետի շքանշան և 2016թ. հուլիսին՝ Պատվո լեգեոնի ասպետի շքանշան: 2017 թվականի մայիսի 17-ին նա ընտրվել է Գեղարվեստի ակադեմիայի անդամ: Որպես դիրիժոր Բրունո Մանտովանին ունի լայն երկացանկ՝ Մոցարտի սիմֆոնիաներից մինչև ժամանակակից ստեղծագործություններ: Նա պարբերաբար ղեկավարում է ժամանակակից երաժշտական խմբեր, ինչպես նաև բազմաթիվ նվագախմբեր՝ ողջ աշխարհում: 2020թ. հունվարից նա նշանակվել է Ժամանակակից նվագախմբային անսամբլի (Ensemble Orchestral Contemporain) երաժշտական ղեկավար: Նրա ստեղծագործությունները հրատարակվել են Անրի Լըմուան հրատարակչության կողմից: