Բարրի Դուգլասի միջազգային լայն ճանաչումը սկսվել է 1986-ին, Չայկովսկու անվան միջազգային մրցույթում (Մոսկվա) հաղթող դառնալուց հետո:
Դուգլասը համաիռլանդական Camerata Ireland-ի և Clandeboye Festival-ի գեղարվեստական ղեկավարն է: Իր բազմակողմանի գործունեությամբ նա նպաստում է Իռլանդիայի արվեստի միջազգային տարածմանն ու ճանաչմանը: Հագեցած են նրա միջազգային հյուրախաղերի ծրագրերը: Բրիտանիային մատուցած երաժշտական ծառայությունների համար Բարրի Դուգլասը 2021-ի հունվարին պարգևատրվել է Commander of the Order շքանշանով:
Վերջին համերգաշրջանների ընթացքում դաշնակահարը ելույթներ է ունեցել London Symphony, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի Ազգային, Վանկուվերի և Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբերի, Halle Orchestra-ի և այլ հայտնի նվագախմբերի հետ:
2016/17 համերգաշրջանում Չայկովսկու անվան միջազգային մրցույթի 30-ամյակի առթիվ Բարրի Դուգլասը հանդես է եկել Չայկովսկու դաշնամուրային կոնցերտների ցիկլով Դուբլինի RTE Orchestra-ի և Բելֆաստի Ulster Orchestra-ի ընկերակցությամբ:
Որպես ժամանակակից երաժշտության ջատագով Բարրի Դուգլասը իրականացրել է Քեվին Վոլանսի Դաշնամուրի թիվ 4 կոնցերտի պրեմիերան (Birmingham Contemporary Music Group-ի հետ) և Պենդերեցկու Դաշնամուրի կոնցերտի եվրոպական պրեմիերան:
Հիշատակելի են Դուգլասի բրիտանական հյուրախաղերը Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, ինչպես և RTE, Բարսելոնայի և Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Շարունակվել է դաշնակահարի համագործակցությունը Ռուսաստանի Բորոդինի անվ. լարային քառյակի հետ:
Որպես հայտնի մենակատար և կամերային երաժիշտ Բարրի Դուգլասը ելույթներ է ունեցել Լոնդոնի Royal Albert Hall, Barbican, Wigmore Hall համերգասրահներում, ինչպես և Verbier Festival-ում, Պեկինի «Արգելված քաղաքի» համերգասրահում, Շանհայի Grand Theatre-ում և Չինաստանի այլ քաղաքներում:
Բարրի Դուգլասը ելույթներ է ունեցել BBC Scottish Symphony, Cincinnati Symphony, Singapore Symphony, Berlin Radio Symphony, Staatskapelle Halle, Orchestre National de France, Seattle Symphony, Melbourne Symphony, Royal Liverpool Philharmonic, Hong Kong Philharmonic և այլ անվանի նվագախմբերի հետ:
Դուգլասը Chandos ֆիրմայի բացառիկ արտիստ է: Վերջերս նա ավարտել է վեց ալբոմից կազմված՝ Բրամսի դաշնամուրի մենանվագային գործերի ձայնագրումը: Նրա ձայնագրման ծրագրերի թվում է Չայկովսկու և Շուբերտի դաշնամուրի մենանվագային գործերի թողարկումը, ինչպես և իռլանդական ազգային երաժշտության իր իսկ փոխադրումների կատարումը, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների կատարած՝ հինավուրց մեղեդիների փոխադրումների ձայնագրումը Chandos ֆիրմայում:
1999-ին Բարրի Դուգլասը ստեղծել է Camerata Ireland նվագախումբը՝ նպաստելով իռլանդացի լավագույն երիտասարդ երաժիշտների առաջխաղացմանը և երկրի հասարակության շրջանակներում խաղաղության և երկխոսության հաստատմանը:
Camerata Ireland նվագախմբի հետ կայացել է Բարրի Դուգլասի բեմելը BBC Proms-ում, որին հաջորդել են շրջագայություններ աշխարհի տարբեր երկրներում:
2002-ին Բարրի Դուգլասը պարգևատրվել է Order of the British Empire (OBE) շքանշանով: