Չեխական երաժշտության մեծ դասական Դվորժակը 1891-ին մեկնել է Ամերիկա` Նյու Յորքի կոնսերվատորիան գլխավորելու համար: Ամերիկայում նա ուսումնասիրում էր տեղի նեգրերի և ամերիկյան հնդկացիների երաժշտությունը: Դա Արտացոլում գտավ Դվորժակի ամենահայտնի սիմֆոնիայում, որը ստացավ «Նոր աշխարհ» անունը (այսպես էին անվանում եվրոպացիները Ամերիկան): 1-ին մասում կարևոր դեր ունի դանդաղ նախանվագը, որտեղ ձևավորվում են սիմֆոնիայի հիմնական թեմաները (չեխական, նեգրական և հնդկացիների երաժշտությունից եկած դարձվածքներով, որոնք ստանում են յուրօրինակ սինթեզ Դվորժակի երաժշտական լեզվում): 2-րդ մասը` Լեգենդ ենթավերնագրով ամերիկացի գրող Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» հայտնի պոեմի մոտիվներով է (պատկերված է Հայավաթի կնոջ հուղարկավորության տեսարանը): 3-րդ մասը քմահաճ սկերցո է` Դվորժակին բնորոշ թեմատիկ բազմազանությամբ: Ֆինալը սկսվում է շեփորների հաղթական կանչով, որոնք Դվորժակի խոսքերով չեխ հերոս հուսիտների հաղթական շեփորների արձագանքն են: Սիմֆոնիայի առաջին կատարումը տեղի է ունեցել 1893-ին Ամերիկայում (դիրիժոր` Ա. Զեյդլ):