Ministry of Culture of RA VivaCell APO
Select color:
Topchjan-I-believe

ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)



ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)

Flashmob



artdirectors_hy

Արշակ Ադամյան (1884-1956թթ.)

Դիրիժոր, կոմպոզիտոր, գեղագետ, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1924-1926թթ.:

Դաշնամուրի և կոմպոզիցիայի դասեր է առել Բեռլինի` Շտերնի կոնսերվատորիայում (1904-1906թթ.): 1910թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության բաժինը: 1921-1924թթ. գլխավորել է Թբիլիսիի Հայարտունը (Հայ արվեստի տուն), իսկ 1924-1926թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը: Անգնահատելի էր նրա դերը Երևանի կոնսերվատորիայի մշտապես գործող սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպման գործում` դասատուների և ուսանողների մասնակցությամբ (1924-1925 ուս. տարի): Նվագախմբի ստեղծմանը խթան դարձավ Ա.Սպենդիարյանի հեղինակային համերգը (1925թ. դեկտեմբերի 10-ին), որի համար Ա.Ադամյանը տրամադրել էր 17 հոգուց կազմված կատարողական կազմ: Կոնսերվատորիայի նվագախմբի անդրանիկ համերգը Ա.Ադամյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ 1925թ. մարտի 20-ին: Նվագախմբի կանոնավոր գործունեության շնորհիվ Հայաստանում տարածվեց և արմատավորվեց սիմֆոնիկ երաժշտությունը:

1926-1936թթ. Ադամյանը եղել է Անդրկովկասյան կենտրոնական գործադիր խորհրդի գեղարվեստական խորհրդականը: 1936-1943թթ. նա Լենինգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտության բաժնի, ինչպես նաև Թատրոնի և երաժշտության ինստիտուտի դեկանն էր: 1944-1949թթ. եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ֆակուլտետի գիտքարտուղար: Տարբեր տարիների գեղագիտություն է դասավանդել Երևանի բուհերում: Ա.Ադամյանը միջազգային ճանաչման արժանացած գեղագիտական ուսումնասիրությունների հեղինակ է (“Գեղագիտական հայացքները միջնադարյան Հայաստանում” և այլ աշխատություններ):

Ալեքսանդր Սպենդիարյան (1871-1928թթ)

Դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտահասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1926-1927թթ.:

Հայաստանում սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Աթանասի (Ստեփանոս) Սպենդիարյանը ծնվել է Ուկրաինայի Խերսոն շրջանի Կախովկա գյուղում:
1985թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության բաժինը: Համալսարանական  տարիներին ուսանել է ջութակ և նվագել ուսանողական նվագախմբում: Կոմպոզիցիայի տեսություն է սովորել Ն. Կլենովսկու մոտ Մոսկվայում 1892-1894թթ. և Ն. Ռիմսկի-Կորսակովի մոտ` Սանկտ Պետերբուրգում 1896-1900թթ.: Որոշ ժամանակ ապրել է Ղրիմում, որտեղ ծավալել է երաժշտական գործունեություն, ստեղծագործել է և զբաղվել դիրիժորությամբ:

1924թ. Սպենդիարյանը տեղափոխվեց Երևան: Այստեղ իր հեղինակային համերգն իրականացնելու համար նա կոնսերվատորիայի ռեկտոր Արշակ Ադամյանի աջակցությամբ կազմակերպեց դասատուներից և ուսանողներից կազմված 17 հոգուց բաղկացած նվագախումբ, որի` 1924թ. դեկտեմբերի 10-ին կայացած համերգն իրավացիորեն համարվում է Հայաստանում տեղական ուժերով կազմակերպված առաջին սիմֆոնիկ համերգը: Այս ելույթը խթան դարձավ ռեկտոր Արշակ Ադամյանի ուժերով Երևանի կոնսերվատորիայի մշտական գործող սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմանը: Սպենդիարյանը ղեկավարել է նորաստեղծ նվագախումբը մինչև 1926թ. Արշակի Ադամյանի հետ, իսկ հետագայում մենակ է ղեկավարել մինչև կյանքի ավարտը` 1928թ.:

Այս նվագախումբը, դուրս գալով ուսանողական շրջանակներից, դարձավ սիմֆոնիկ երաժշտության ակտիվ տարածողը Հայաստանում: Կոնսերվատորիայի նվագախմբի հիման վրա հետագայում կազմակերպվեցին Երևանի օպերային թատրոնի նվագախումբը և Հայաստանում գործող բոլոր սիմֆոնիկ նվագախմբերը:

Ալեքսանդր Սպենդիարյանը կարևորագույն դեր ունեցավ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրման, դրա գեղարվեստական սկզբունքների մշակման գործում: Նա հարստացրեց հայ երաժշտությունը գեղարվեստական նոր լուծումներով, թեմաներով, ժանրային բազմազանությամբ, արտահայտչամիջոցներով: Նա ազգային սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է: Սպենդիարյանի “Ղրիմյան էսքիզները” (երկու սյուիտ), “Երևանյան էտյուդները” և մյուս սիմֆոնիկ ստեղծագործությունները հայ դասական երաժշտարվեստի գոհարներն են: Իսկ “Ալմաստ” օպերան հայ դասական առաջին օպերաներից է:

Սուրեն Չարեկյան (1901-1979թթ.)

Դիրիժոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1927-1929թթ.:

Ծնվել է Թբիլիսիում, որտեղ և սովորել է կոնսերվատորիայում: Երաժշտական կրթությունն ավարտել է  Լենինգրադի կոնսերվատորիայում (1932թ): 1928թ. սկզբին, տակավին Թբիլիսիի կոնսերվատորիայի չորրորդ կուրսի ուսանող, հրավիրվել է Հայաստան` ստանձնելու Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պաշտոնը (այդ տարիներին ապագա ՀՊՖՆ-ը գործում էր Երևանի կոնսերվատորիայի նվագախմբի կարգավիճակով): Չարեքյանի գործունեությունը նպաստեց այդ նվագախմբի պրոֆեսիոնալ արագ աճին և նրա նվագացանկի զգալի ընդլայնմանը: Հետագայում Չարեքյանը նույն նվագախմբի հետ աշխատեց արդեն Երևանի օպերային թատրոնի հիմնադրման շրջանից (1932թ.), երբ կոնսեվատորիայի նվագախումբն իր ողջ կազմով ներգրավվեց օպերային թատրոնի աշխատանքում:

1932-1934թթ. և 1944-1979թթ. եղել է Երևանի օպերային թատրոնի դիրիժոր (1957-1964թթ.`գլխավոր դիրիժոր): Այս թատրոնում նա ղեկավարել է Տ.Չուխաջյանի “Լեբլեբիջի”, “Արշակ Երկրորդ”, Լ.Խոջա-Էյնաթյանի “Նամուս”, Գ.Արմենյանի “Խաչատուր Աբովյան” օպերաները, ինչպես նաև եվրոպական դասական օպերաներ:  1934-1936թթ. Չարեկյանը եղել է Թբիլիսիի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, 1936-1944թթ.` Տաշքենդի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը` նպաստելով ուզբեկական ազգային օպերային երկացանկի կայացմանը: 1927-1929թթ., 1932-1934թթ., 1945-1948թթ., 1954-1979թթ. Չարեկյանը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:

Գևորգ Բուդաղյան (1899-1978թթ.)

Դիրիժոր, մանկավարժ, երաժշտահասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1929-1932թթ.:

Ծնվել է Բաքվում, մեծացել և ուսում առել Մոսկվայում: 1929թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ.Կ.Սարաջյանի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարան): 1922-1929թթ. ղեկավարել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական կոլեկտիվը: 1932-1958թթ. եղել է Երևանի օպերային թատրոնի դիրիժոր: Ղեկավարել է Ա.Սպենդիարյանի “Ալմաստ”,  Հ. Ստեփանյանի “Քաջ Նազար”, Կ.Զաքարյանի “Մարջան”, Ա. Տեր-Ղևոնդյանի “Արևի ցոլքերում”, Ա.Տիգանյանի “Դավիթ Բեկ” օպերաները, ինչպես նաև ռուս և արևմտաեվրոպական դասական երկացանկի գործեր: Ա.Սպենդիարյանի երաժշտության հիման վրա “Խանդութ” բալետի երաժշտական կոմպոզիցիայի հեղինակն է, ինչպես և Ա.Սպենդիարյանի ստեղծագործությունների ակադեմիական (11 հատոր) հրատարակության խմբագիրը: 1929-1978թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1934-1936թթ. և 1949-1958թթ. եղել է կոնսեվատորիայի պրոռեկտորը:

Գ.Բուդաղյանի ղեկավարման տարիներին ՀՊՖՆ-ը գործում էր դեռևս Երևանի կոնսերվատորիայի նվագախմբի կարգավիճակով` միաժամանակ մշտական սիմֆոնիկ համերգներ տալով և ապահովելով համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության մուտքը Հայաստան: Գ.Բուդաղյանը խթանեց նվագախմբի ելույթների հաճախականությունը` խրախուսելով կոնսերվատորիայի երիտասարդ մենակատարների մասնակցությունը սիմֆոնիկ համերգներին: Կոնսերվատորիայի նվագախումբը դարձավ Հայաստանի նորաստեղծ կոմպոզիտորների միության անդամների սիմֆոնիկ գործերի առաջին կատարողը:

Կոնստանդին Սարաջյան (1877-1954թթ.)

Դիրիժոր, մանկավարժ, երաժշտահասարակական գործիչ, Աշխատանքի հերոս, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1941-1945թթ.:

Ծնվել է Դերբենդում (Հյուսիսային Կովկաս): 1898թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆ.Ի.Գրժիմալիի ջութակի դասարանը և պրոֆ.Ս.Տանեևի` երաժշտության տեսության դասարանը:  1905-1906թթ. Լայպցիգում դիրիժորություն է պարապել Ա.Նիկիշի ղեկավարությամբ: Հանդես է եկել Ռուսաստանի քաղաքներում` ղեկավարելով օպերային ներկայացումներ և սիմֆոնիկ համերգներ: Իրեն դրսևորել է որպես նորագույն երաժշտության գիտակ, Մյասկովսկու, Պրոկոֆևի և Շոստակովիչի ստեղծագործությունների լուրջ մեկնաբան: Մոսկվայի կոնսերվատորիայում հիմնադրել է դիրիժորության դասարան (աշակերտների թվում` Գ.Բուդաղյան, Լ.Գինզբուրգ, Մ.Պավերման և ուրիշներ): Հիմնել և ղեկավարել է Մոսկվայի սիրողական սիմֆոնիկ նվագախումբը (1924-1935թթ., որը 1926թ.-ից կոչվեց Սարաջյանի անունով): 1935թ.-ից ապրել է Երևանում` ծավալելով բազմակողմանի գործունեություն: Եղել է Երևանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր` միաժամանակ ղեկավարելով այդ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ինքնուրույն համերգները: 1941թ.-ից նոր կարգավիճակով հանդես եկող` Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր: Լայնորեն պրոպագանդել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, կազմակերպել է Բեթհովենի սիմֆոնիաների (բացառությամբ 9-րդի) կատարումը: Երևանի կոնսերվատորիայի ռեկտորն էր 1936-1937թթ. և 1940-1954թթ.: Այստեղ դաստիարակել է դիրիժորների նոր սերունդ (Ա.Քաթանյան, Յու.Դավթյան, Հ.Ոսկանյան և ուրիշներ):

Միքայել Մալունցյան (1903-1973)

Դիրիժոր, թավջութակահար, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1945-1960թթ. և 1966-1967թթ.:

Ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (պրոֆ.Կ. Մինյարի թավջութակի դասարան) և Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ.Լ.Գինզբուրգի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարան):

Երևանի կոնսերվատորիայում 1920-ական թթ.-ին դասավանդել է թավջութակ և կամերային անսամբլ, իսկ Մոսկվայի կոնսերվատորիայում 1934-1945թթ. եղել է օպերային ստուդիայի դիրիժոր: Նրա աշակերտների թվում են եղել անվանի դիրիժորներ Ռաֆայել Մանգասարյանը և Դավիթ Խանջյանը: 1945թ. Երևան վերադառնալուց հետո դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում` ղեկավարելով օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարան և գլխավորելով նվագախմբային գործիքների ամբիոնը:

Որպես ՀՊՖՆ-ի դիրիժոր 1945թ. վերականգնել է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նահանջ ապրած նվագախումբը (հավաքել է նոր կազմ) և նպաստել այդ կոլեկտիվի անհատական ստեղծագործական դեմքի ձևավորմանը: Մ.Մալունցյանն իրականացրել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ գործերի պրեմիերաներ: Մեծ էր նրա դերը Հայաստանում եվրոպական դասական երկացանկի տարածման գործում: Մալունցյանը նվագախմբի հարթակը հաճախ է տրամադրել ականավոր դիրիժորներին: Նրա ղեկավարման երկու ժամանակահատվածներում ՀՊՖՆ-ի հետ ելույթներ են ունեցել բազմաթիվ անվանի մենակատարներ: Տեղի են ունեցել ՀՊՖՆ-ի հյուրախաղերը նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Մոսկվայում, Լենինգրադում, Մերձբալթյան հանրապետությունների, Ուկրաինայի և Անդրկովկասի քաղաքներում:

Միքայել Տերյան (1905-1987թթ.)

Դիրիժոր/ալտահար/մանկավարժ
Հայաստանի ժողովրդական արտիստ,  ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր  ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1965-1966թթ.:

Ծնվել է Մոսկվայում: Իբրև ջութակահար ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆեսորներ Գ.Դուլով և Կ.Մոստրաս): Կոմիտասի անվան քառյակի հիմնադիրներից էր և նրա ալտահարը 1924-1946թթ.: Ելույթներ է ունեցել Դ.Օյստրախի, Լ.Օբորինի և Ս.Կնուշևիցկու հետ տարբեր անսամբլներում: Եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի ալտերի խմբի կոնցերտմայստերը:

Մոսկվայի կոնսերվատորիայում գլխավորել է ալտի և կվարտետի դասարանները և եղել է օպերային-սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ: 1957-1960թթ. գլխավորել է Մոսկվայի մարզային ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը: 1961-ին հիմնադրել է Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողական կամերային նվագախումբը` հյուրախաղերով հանդես գալով Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում (Հ. Կարայանի անվան միջազգային մրցույթում նվագախմբին շնորհվեց 1-ին մրցանակ):

Օհան Դուրյան (1922-2011թթ.)

Դիրիժոր,  կոմպոզիտոր, ՀՀ Ժողովրդական արտիստ:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1960-1965 և 1973թթ.:

Ծնվել և մեծացել է Երուսաղեմում: 1939-1945թթ. կոմպոզիցիա, դիրիժորություն և երգեհոն է ուսանել տեղի կոնսերվատորիայում: Կրթությունն ավարտել է Եվրոպայում Հ.Շերխենի, Ռ.Դեզորմիերի և Գ. Մարտինոնի ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել շուրջ 110 նվագախմբերի հետ: Որոշ ժամանակ աշխատել է Ավինյոնի և Քեյփթաունի օպերային և սիմֆոնիկ նվգախմբերի հետ: 1963-1968թթ. եղել է Լայպցիգի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարը և “Gewandhaus” նվագախմբի մշտական հրավրյալ դիրիժորը: Հայաստանում Օ. Դուրյանը տարբեր տարիների գլխավորել է ՀՊՖՆ-ը, ինչպես և իր հիմնած` Հայաստանի հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: Նա եղել է Երևանի օպերային թատրոնի  գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:
Դուրյանը հեղինակ է “Կոմիտաս” երկու սիմֆոնիկ սյուիտների և այլ ստեղծագործությունների:

ՀՊՖՆ-ում աշխատելու տարիներին Օ.Դուրյանն իրագործեց հայ կոմպոզիտորների մի շարք նշանակալի սիմֆոնիաների պրեմիերաներ. Է.Միրզոյանի, Ջ. Տեր-Թադևոսյանի (թիվ 1 և թիվ 2), Կ.Օրբելյանի (թիվ 1), Ա.Աճեմյանի (թիվ 2), Գ.Եղիազարյանի (“Հրազդան”), կատարեց  բազմաթիվ ձայնագրություններ: ՀՊՖՆ-ը ունեցավ հյուրախաղեր նախկին ԽՍՀՄ քաղաքներում: Որպես հրավիրյալ դիրիժոր Դուրյանը ԽՍՀՄ հանրապետություններում մշտապես պրոպագանդել է հայ կոմպոզիտորների գործերը: Նրա ղեկավարության օրոք ՀՊՖՆ-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում:

Ռուբեն Վարդանյան (1936-2008թթ.)

Դիրիժոր
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1967-1970թթ.:

Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորության բաժինը: Աշխատել է որպես Մոկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կ. Կոնդրաշին) և ԽՍՀՄ Մեծ թատրոնի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Եվ. Սվետլանով) երկրորդ դիրիժոր: Նրա հայրը երաժշտագետ, կլարնետահար և երաժշտական կյանքի կազմակերպիչ Զավեն Վարդանյանն էր, ով մեծ դեր է ունեցել որդու կայացման գործում:

Ռ. Վարդանյանի ղեկավարության օրոք ՀՊՖՆ-ը հյուրախաղերով հանդես է եկել Կիևում, Լենինգրադում, Մերձբալթյան հանրապետությունների և Անդրկովկասի քաղաքներում:

Կատարվել են Ստրավինսկու “Զինվորի պատմությունը” և ժամանակակից կոմպոզիտորների այլ գործեր, ինչպես և հայ կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ: Որպես մենակատար հանդես են եկել  Մ.Ռոստրոպովիչը, Դ. Շաֆրանը, Մ.Խոմիցերը, Վ.Տրետյակովը, Օ.Կագանը, Կ.Գեորգյանը, Բ.Դավիդովիչը, Վ. Կրայնևը, Սվ. Նավասարդյանը, Ռ.Ահարոնյանը, Մ.Աբրահամյանը և այլ հայտնի երաժիշտներ:

Ռ.Վարդանյանն աշխատել է որպես Բոլիվիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և ԽՍՀՄ Մեծ թատրոնի դիրիժոր: Բազմիցս ելույթներ է ունեցել հանրահայտ նվագախմբերի հետ որպես հրավիրյալ դիրիժոր: 1991թ.-ից մինչ իր վաղաժամ վախճանը Ռուբեն Վարդանյանն աշխատել է ԱՄՆ-ում` որպես Առլինգթոնի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիիժոր:

Արամ Քաթանյան (1926-1998)

Դիրիժոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1970-1973թթ.:

1950թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ.Կոնստանդին Սարաջյանի դասարան): Սվերդլովսկի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր: 1958թ.-ից եղել է Երևանի օպերային թատրոնի դիրիժոր, իսկ 1964-1970թթ. և 1974-1982թթ.` նույն թատրոնի գլխավոր դիրիժորը:

Օպերային թատրոնում բեմադրել է Ստրավինսկու “Էդիպ արքա”, Բեռնսթայնի “Վեսթսայդյան պատմություն”, Բելինիի “Նորմա”, Մենոտիի “Հյուպատոս” օպերաները, ինչպես և Ա. Խաչատրյանի “Սպարտակ”,  Է. Հովհաննիսյանի “Հավերժական կուռք”,  Գ. Եղիազարյանի  “Անուրջների լիճ” և “Արա Գեղեցիկ և Շամիրամ” բալետները, Ա. Հարությունյանի “Սայաթ-Նովա” օպերան և այլ գործեր:

ՀՊՖՆ-ում աշխատելու տարիներին Ա.Քաթանյանը հնչեցրեց Մահլերի թիվ 4 սիմֆոնիան, Բեռլիոզի “Հարոլդը Իտալիայում” սիմֆոնիան, եվրոպական, ռուս և հայ կոմպոզիտորների նոր գործեր: 1970թ. նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ հնչեց նոր տեղադրված երգեհոնը (կատարվեց Ա. Խաչատրյանի թիվ 3 սիմֆոնիան):

Սպասվող համերգներ

Ակնարկ

  • ԱՄԱԶՈՆ AMAZON REVIEW

    Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ KV 238 and KV 415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնություն

Բլոգում վերջին նյութը

  • Կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանի հարցազրույցը
    «Առավոտը» հյուրընկալել էր առաջին անգամ հայրենիք այցելած կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանին, ով 1971թ. իր ստեղծած Yessian Music ընկերության, 1990-ականներից էլ որդիների՝ Բրայնի եւ Մայքլի համագործակցությամբ դարձել է ԱՄՆ-ի եւ աշխարհի պահանջված ու նորարարական կազմակերպություններից մեկը, որն իր գրասենյակ500

Սպասվող համերգներ

Համերգներ

Հոկտեմբեր 2017
Ե Եր Չ Հ Ու Շ Կ
« Սեպտ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Հովանավորներ

slide
slide
slide
slide
slide
slide

Media

slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide