Պատմություն

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ), հիմնադրվելով 85 տարի առաջ Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից, տարիներ շարունակ համարվել է նախկին Խորհրդային միության առաջատար նվագախմբերից մեկը և այսօր հանդիսանում է Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն:
Տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Ա.Ադամյանը, Ալ.Սպենդիարյանը, Ս.Չարեքյանը, Գ.Բուդաղյանը, Կ.Սարաջյանը, Մ.Մալունցյանը, Օ.Դուրյանը, Մ.Տերյանը, Ռ.Վարդանյանը, Ա.Քաթանյանը, Դ.Խանջյանը Վ.Գերգիևը, Վ.Պապյանը, Մ.Ավետիսյանը և Լ.Ճգնավորյանը: 2000թ. հոկտեմբերին ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնեց Էդուարդ Թոփչյանը:
ՀՊՖՆ-ի համերգաշրջանի հիմնական հանդիսավայրն Արամ Խաչատրյան համերգասրահն է: 1300 հանդիսականի համար նախատեսված այս դահլիճը Երևանի ճարտարապետական գոհարներից է` նախագծված Ալեքսանդր Թամանյանի կողմից:
Նոր հազարամյակ մուտք գործելով Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ` Ֆիլհարմոնիկի գործունեությունը միտված է բարձրացնելու տեղի ունկնդրի մշակութային և երաժշտական պատրաստվածությունը` կանոնավոր կերպով հանդես գալով դասական սիմֆոնիկ և օպերային, ինչպես նաև ժամանակակից և ազգային երաժշտության համերգներով:
Իր հիմնադրման շրջանից նվագախումբը կատարել է գրեթե ողջ դասական երկացակը: Ֆիլհարմոնիկը ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և մտադիր է իր ծրագրերում ներգրավել նոր գործեր, որոնք կարող են հետաքրքրել ինչպես հավատարիմ ունկնդիրներին, այնպես էլ երիտասարդներին և Հայաստան այցելող զբոսաշրջիկներին:
Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Դավիդ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Ջիլելսը, Ռենատո Բրուզոնը, Սթիվեն Իսերլիսը, Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Նատալիա Գուտմանը, Ջուզեպպե Ջակոմինին, Իզաբել Ֆաուստը, Ջուլիա Ֆիշերը, Պինխաս Ցուկերմանը, Գիդոն Կրեմերը, Յուրի Բաշմետը, Պլաչիդո Դոմինգոն և այլ հյուրեկ արտիստներ, ինչպես և հայ առաջատար մենակատարներ և սկսնակ խոստումնալից երաժիշտներ: ՀՊՖՆ-ի հետ հաճախակի ելույթ են ունենում նաև հայ անվանի մենակատարներ Սերգեյ Խաչատրյանը, Կիմ Քաշքաշյանը, Սերգեյ Բաբայանը, Իզաբել Բայրաքարյանը, Նարեկ Հախնազարյանը և շատ այլոք:
Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Կառլո Ցեկկին, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը, Վալերի Գերգիևը, ով հինգ տարի շարունակ եղել է ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: ՀՊՖՆ-ի հետ սերտորեն համագործակցել են Գիա Կանչելին, Սոֆյա Գուբայդուլինան և Ռոդիոն Շչեդրինը սերտորեն համագործակցել են ՀՊՖՆ-ի հետ: Հեղինակային համերգներով հանդես են եկել Արամ Խաչատրյանը, Դմիտրի Կաբալևսկին, Քշիշտոֆ Պենդերեցկին:

ՀՊՖՆ-ը նաև հայ երաժշտարվեստի յուրահատուկ դեսպանն է աշխարհում և հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում: Սկսած 1989թ. ՀՊՖՆ-ն ակտիվորեն շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Միացյալ Թագավորությունում, Հունաստանւմ, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, Ռուսաստանում, ՄԱԷ-ում: Վերջերս հյուրախաղեր տեղի ունեցան Ճապոնիայում (2009թ.), որտեղ նվագախումբը հանդես եկավ 15 համերգներով և Սլովակիայում և Գերմանիայում (2010թ.):
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացնում է Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը, որի 6-րդ մեկնարկը նախատեսվում է իրականացվել 2012թ.: Միջազգային վաստակ ունեցող երաժիշտներ հրավիրվում են հանդես գալու փառատոնին որպես մենակատարներ, ինչպես նաև վարպետության դասեր են անցկացնում հայ երիտասարդ երաժիշտների համար: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
ՀՊՖՆ-ը թողարկել է ավելի քան 30 ձայնասկավառակ: Վերջինը «Հայկական ռապսոդիա»-ն է` լույս տեսած 2011թ. շվեդական «Բի-Այ-Էս» ընկերության կողմից: Ձայնասկավառակն արժանացել է միջազգային քննադատների բարձր գնահատանքին:
Միջազգային համբավ ունեցող երաժիշտների և քննադատների կարծիքով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական մակարդակն անընդհատ աճում է` հատկապես հաշվի առնելով նրբին հնչողությունը, տպավորիչ լարային բաժինը և գեղարվեստական ղեկավարի խարիզման:
ՀՊՖՆ-ի կոնցերտմայստերները (2012թ.)
- Կարմեն Թոսունյան, նվագախմբի կոնցերտմայստեր
- Արամ Ասատրյան, 1-ին ջութակ, կոնցերտմայստեր
- Անահիտ Ասլանյան, 2-րդ ջութակ, կոնցերտմայստեր
- Աիդա Նալբանդյան, ալտերի բաժնի կոնցերտմայստեր
- Արմեն Մեսրոպյան, թավջութակների բաժնի կոնցերտմայստեր
- Կարեն Խաչատրյան, կոնտրաբասերի բաժնի կոնցերտմայստեր
- Տիգրան Գևորգյան, ֆլեյտաների բաժնի կոնցերտմայստեր
- Աշոտ Գալստյան, հոբոյների բաժնի կոնցերտմայստեր
- Վյաչեսլավ Մանուչարյան, կլարնետների բաժնի կոնցերտմայստեր
- Անդրանիկ Քոչարյան, ֆագոտների բաժնի կոնցերտմայստեր
- Մերուժան Տեր-Մինասյան, գլխավոր գալարափողահար
- Շահեն Գևորգյան, գլխավոր շեփորահար
- Արիստակես Մարտիրոսյան, գլխավոր տրոմբոնահար
- Վաղարշակ Պեպանյան, տուբահար
- Հարություն Մկրտչյան, հարվածային գործիքներ
- Ժաննա Հովհաննիսյան, տավղահար




Միացեք մեզ