Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Էդուարդ Թոփչյանն ավարտել է Երևանի կոնսերվատորիան որպես ջութակահար: Կոնսերվատորիայում նաև դիրիժորության դասեր է առել Օհան Դուրյանից: Դիրիժորության ուսման գործում մեծ էր Սըր Ջորջ Շոլտիից, Կլաուդիո Աբբադոյից և Նելլո Սանտիից ստացված մեծարժեք խորհրդատվությունների դերը:
Դիրիժորությամբ սկսել է զբաղվել 1991թ.-ից, երբ ստեղծեց «Սերենադ» կամերային նվագախումբը կոնսերվատորիայի իր մի խումբ ընկերների մասնակցությամբ: «Սերենադը» շատ արագ դարձավ Հայաստանի ամենահեռանկարային նվագախմբերից մեկը և շուտով, արժանանալով միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների մրցանակների և ձայնասկավառակներ թողարկելով ճանաչված մի քանի ընկերությունների հետ, անուն վաստակեց նաև Եվրոպայում: Հաճախ շրջագայելով` Թոփչյանը «Սերենադի» հետ Եվրոպայում հանդես եկավ շուրջ 700 հյուրախաղային համերգներով:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Թոփչյանի առաջին ելույթը կայացավ 2000թ.: Նույն տարում նա ստանձնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Հաջողությամբ հանդես գալով Հայաստանում և արտերկրում` Թոփչյանի թե´ հիմնական նվագախմբային երկացանկի, և թե´ ժամանակակից ստեղծագործությունների մեկնաբանություններն ի սկզբանե բարձր գնահատվեցին:
Արդեն 2001թ. նրա գլխավորությամբ ՀՊՖՆ-ը հանդես եկավ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, իսկ 2003թ.` Մեծ Թատրոնում` արժանանալով ունկնդիրների և երաժշտագետների բարձր գնահատանքին: Դրան հետևեցին Նյուրնբերգում, Պրահայում, Բրնոյում, Բրատիսլավայում, Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նիցայում և շատ այլ քաղաքներում ելույթները: 2009թ. Թոփչյանի գլխավորությամբ տեղի ունեցան ՀՊՖՆ-ի հյուրախաղերը Ճապոնիայում, երբ նվագախումբը մեծ հաջողությամբ հանդես եկավ 15 համերգներով Տոկիոյում, Օսակայում, Նիիգատայում, Նագոյայում, Համամացուում և այլ քաղաքներում: Նվագախմբի և դիրիժորի կատարողական մակարդակը բարձր գնահատվեց միջազգային մամուլի կողմից:
Էդուարդ Թոփչյանը ճանաչված է հատկապես լայն երկացանկով, որում նվագախմբային գործերին զուգահեռ ընդգրկված են նաև օպերային գործեր, մասնավորապես` նրա կատարմամբ հնչել են «Աիդա», «Սևիլյան սափրիչը», «Թիկնոցը» «Մադամ Բաթերֆլայ» «Տուրանդոտ», «Սիմոն Բոկանեգրա», «Ռիգոլետո», «Պայացներ», «Օթելլո» «Եվգենի Օնեգին», իսկ արտերկրի հյուրախաղերի ընթացքում` նաև «Դոն Ժուան», «Պիկ թագուհին» , «Կախարդական սրինգը», «Տուրանդոտ» օպերաները:
Թոփչյանի գլխավորած համերգներում հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող արտիստներ, մասնավորապես` Պլասիդո Դոմինգոն, Պինխաս Ցուկերմանը, Ռենատո Բրուզոնը, Ջուզեպե Ջակոմինին, Սերգեյ Լարինը, Վլադիմիր Չերնովը, Վինչենցո լա Սքոլան, Ռայնա Կաբայվանսկան, Միշա Մայսկին, Նատալյա Գուտմանը, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Յուրի Բաշմետը, Կիմ Քաշքաշյանը, Դիմուտ Պոպենը, Էմանուել Պահուդը, Թիբոր Վարգան, Ռադովան Վլատկովիչը, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Ջուլյա Ֆիշերը, Սերգեյ Խաչատրյանը, Իզաբել Ֆաուստը, Դայշին Կաշիմոտոն, Սերգեյ Բաբայանը, Կոնստանտին Լիֆշիցը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, Յանա Բուսկովան, Ալեքսեյ Լյուբիմովը, Բերնդ Գլեմզերը, Բերնար Ռինգեյսենը, Ելենա Բաշկիրովան, Նարեկ Հախնազարյանը, Իզաբել Բայրաքդարյանը, Ալեքսանդր Չաուշյանը և շատ այլոք: Թոփչյանը հանդես է եկել շուրջ 45 անվանի նվագախմբերի հետ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում, որոնց թվում են Արքունական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆրանկֆուրտի օպերային նվագախումբը, Շտուտգարդ ռադիո-սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Staatsphilharmonie Rheinland-Pfalz-ը, Siena Festival Orchestra-ն, Kärntner Sinfonie orchester-ը և այլն: 2011-2012թթ. Թոփչյանը հյուրախաղերով հանդես կգա Հունգարիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ (at Musikverein Vienna), Իսրայելի ազգային ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի, Գյուլբենկյան սիմֆոնիկ նվագախմբի, Պրահայի ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի, Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Էդուարդ Թոփչյանը եղել է մի շարք նշանակալից փառատոների գեղարվեստական ղեկավարը: 2007թ.-ից նախաձեռնողը և գեղարվեստական ղեկավարն է (թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ համատեղ) Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի, որին որպես մենակատար հանդես են գալիս Հայաստանի և արտերկրի լավագույն կատարողական ուժերը:
Էդուարդ Թոփչյանի լայն երկացանկը ընդգրկում է բոլոր ժամանակաշրջանների` բարոկկոյից մինչև ժամանակակից սիմֆոնիկ, կամերային և օպերային գործեր: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ՀՊՖՆ-ը ներկայացրել է նաև հայ և օտարազգի կոմպոզիտորների գործերի պրեմիերաներ` գրված հատուկ Թոփչյանի և նվագախմբի համար:
Էդուարդ Թոփչյանը արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի:
2012թ. հունվարից հանդիսանում է Իսպանիայի Premium Symphony Orchestra-ի գլխավոր հրավիրյալ դիրիժորը:




Միացեք մեզ