Ակնարկներ
Արամ Խաչատրյան` Ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար
Սուրեն Զաքարյան` Մոնոգրաֆ թավջութակի և նվագախմբի համար
Վաչե Շարաֆյան` Սյուիտ թավջութակի և նվագախմբի համար
Կոմիտաս` Կռունկ
Մենակատար` Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Independent. 19 նոյեմբեր, 2011
Շաբաթվա ալբոմ
«Հայկական Ռապսոդիա»
Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի մենակատարությամբ այս հրաշալի հավաքածուն ներառում է Վաչե Շարաֆյանի նոր ստեղծագործությունը, ինչպես նաև Սուրեն Զաքարյանի Մոնոգրաֆը` կամերային չքնաղ ստեղծագործություն, որ սկսվում է թավջութակի` երեք րոպե տևող յուրօրինակ ազատ մենախոսությամբ: Հայ երաժշտությունը երբևէ առավել լավ չի ներկայացվել:
Մայքլ Չերչ
***
Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը հրաշալի երաժիշտ է` գերազանց տեխնիկայով և երաժշտականությամբ, երաժշտական ոճերի և զգայականության լայն շրջանակ է ներառում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ` կայուն տեխնիկայով և գեղարվեստորեն գերազանց երաժշտականությամբ հավասարապես ունակ է բազմաթիվ զգացմունքներ արթնացնել և փայլուն նվագակցում է թավջութակահարին: Խաչատրյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած ռապսոդիան կարող ենք համարել հավաքածուի ամենահաճելի ստեղծագործությունը իր նվագախմբային հարուստ նախամուտքով, որն այնուհետ իր տեղն է զիջում թավջութակին` իր սկզբնամասային կադենցիայով: Անսովոր է ստեղծագործության տոնայնական համակարգը, դյութիչ է մեղեդին` ամբողջ գործի ընթացքում կրկնվող կայուն մոտիվով: Կատարումը հուզական է. նվագախմբի և մենակատարի մրցակցությունը առաջ է բերում ուժեղ դինամիկ և կերպարային հակադրություններ: Չաուշյանն արագաշարժ է ինչպես մի ջութակահար, նրա նվագը զուրկ է չափազանցություններից:
Սուրեն Զաքարյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած Մոնոգրաֆը հակազդող է Խաչատրյանի գործին: Այն սկսվում է լարված, բարձր թրթիռ պարունակող նոտայով: Տոնայնությունը երկար ժամանակ մնում է անկայուն: Այն անորոշ է մնում` անգամ նվագախմբի մուտքից հետո: Զաքարյանը ստեղծում է կերպարային հակադրություններ և տրամադրությունների խաղ` տարբերակելով այն մասերը, երբ թավջութակը առանձնանում է իր մենանվագով (այս հատվածները բավականին հաճելի է լսել):
Նույնը կարելի է ասել Վաչե Շարաֆյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած սյուիտի մասին: Հատկապես գրավիչ է երկրորդ մասը իր լուսավոր հնչեղությամբ և լարայինների հոսուն նվագով և երրորդ մասը` Սարաբանդան, թավջութակի արտահայտիչ նվագամասով:
Սկավառակի վերջին ստեղծագործությունը` “Կռունկը”, ցնցող է: Այն ներկայանում է դուդուկ կոչվող փայտյափողային գործիքով: Դյութիչ և խորհրդավոր սկիզբը մելամաղձության զգացողություն է առաջացնում, որ տարածվում է ողջ ստեղծագործության վրա: Կատարողների երեք ձայները միաձուլվում են մեղմ և լուսավոր հնչողության մեջ:
Ամփոփելով, կարող ենք ասել, որ եթե անգամ ստեղծագործությունների մի մասը կարող է ոչ բոլորի ճաշակին հաճելի թվալ, այսուամենայնիվ, հավաքածուն հրաշալի և անքննելի է դարձնում գերազանց երաժիշտների մասնակցությունը, երաժիշտներ, որ փայլուն ներակայացնում են իրենց մշակույթի լավագույն կողմերը:
Վ. Վասան, Ռովի
http://blogs.wcny.org/normans-cds-of-the-week-91111/
http://www.allmusic.com/album/armenian-rhapsody-w271565
http://classical.bestbuy.com/classical/albums.aspx?p_id=Q+++225276&ptype=4&c_id=C++2681374
http://www.scena.org/columns/lebrecht/070219-NL-Cdsoftheweek.html
Concerto: The Strad SELECTION
Ա. Խաչատրյան` Ջութակի կոնցերտ, Դ. Շոստակովիչ` Ջութակի կոնցերտ թիվ 1
Մենակատար` Կատրին Մանուկյան, ջութակ
Դիրիժոր`Էդուարդ Թոփչյան
Խաչատրյանի Ջութակի կոնցերտի` 20-րդ դարի երաժշտարվեստի աներկբա գլուխգործոցի այս կատարման վեհությունն անխոս կապված է երաժիշտների` կոմպոզիտորի հայրենակիցները լինելու փաստին: Հայաստանի նվագախումբը կատարում է նուրբ և ռիթմիկ ոճով, հատկապես գրավիչ է փայտյափողայինների հատվածը: Էդուարդ Թոփչյանն իր ուժերը դրսևորում է գրավչորեն զուսպ` թույլ տալով, որ մենակատարը արտահայտվի ողջ շուքով: Հուզիչ է լարայինների նվագը` հատկապես մենակատարի կադենցիայից հետո, որ սկսվում է կլարնետի հետ նրբին երկխոսությամբ, և Andante sostenuto-ում, երբ լարայինները թախծոտ նվագում են թավջութակների և կոնտրաբասերի պիցիկատոների ներքո:
Կանադահայ ջութակահարուհի Կատրին Մանուկյանն այս ախորժալուր ստեղծագործության պերճախոս մեկնաբանն է: Հնչողությունը մաքուր է` գեղեցիկ զուսպ վիբրատոյով, իսկ նվագը` շքեղորեն արտահայտիչ: Խաչատրյանի վերամբարձ մեղեդայնության նուրբ կենսախնդությունը, որն զգացվում է անգամ օրորոցայինի նմանող Andante-ում, առաջ է գալիս առանց ավելորդ ջանքերի. ջութակն ասես բոցավառվում է արևելյան օդեղեն գորգի նման և այս ու այն կողմ նետվում նրբին զեփյուռից: Սա շարունակվում է մինչև շեշտակի, եռանդուն վերջաբանը: Ընդհանուր առմամբ, սքանչելիորեն գերող առկայծուն կատարում է:
Շոստակովիչի գործն սկսվում է լարայինների թախծալի նվագով: Ողջ առաջին մասը պարուրված է խորհրդավորությամբ: Հիանալի է մենակատարի թախծոտ երկխոսությունը փայտյափողայինների հետ: Սրան հաջորդում է շեշտակի Scherzo-ն` նախորդելով մտասույզ Passacaglia-ին, որին Մանուկյանի նվագն առավել հզորություն է հաղորդում: Մեծածավալ կադենցիան և եզրափակիչ եռանդուն Բուրլեսքը մեկնաբանված են հրաշալիորեն: Ընդհանուր առմամբ, սա հուզիչ և գեղեցիկ ձայնագրություն է:
Marquis
Ռոդերիկ Դունե
***
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ունի կատարողական բարձր ունակություններ: Հատկապես գրավիչ է լարայինների խումբը, որ առանձնանում է իր հնչողությամբ»:
The New York Post
***
«Նվագախմբում բարձրակետային է նրա լարային խումբը: Այն հարուստ է և գունեղ` իր լիաթոք և համաձույլ հնչեղությամբ»:
The Boston Globe
***
«Երկացանկի ըմտրությունն ակնհայտորեն նպաստում էր ի ցույց դնելու նվագախմբի առավելությունները: Շոստակովիչի և ծրագրի մյուս ստեղծագործութունների կատարումներն իրականացված էին մեծ ներազդեցությամբ»:
Ժոզեֆ Մքլելան,
The Washington Post
***
Արամ Խաչատրյան – 3 Սիմֆոնիաներ, ASV CD
« …Արամ Խաչատրյանի երեք սիմֆոնիաների ձայնագրությունները ընձեռված առաջին հնարավորությունն են ամբողջական պատկերացում ունենալու Խաչատրյանի սիմֆոնիկ գործերի վերաբերյալ: Կատարումն առաջնակարգ է, իսկ ձայնագրության որակն այնպիսին է, ինչի կարիքը երեք ստեղծագործություններն էլ միշտ ունեցել են»:
Fanfare
«Խաչատրյանի բազմաթիվ սիրահարները այս ձայնասկավառակն անկասկած կընդունեն: Փայլուն կատարում` դիրիժորի ղեկավարությամբ, ով կատարելապես անկաշկանդ դրսևորվում է այս երաժշտության մեջ»:
Gramophone
***
Շեհերեզադե (ASV CD)
«ASV ընկերությունում «Շեհերեզադե»-ի բոլորովին թարմ և նորովի մոտեցմամբ ներկայացում: Այս փայլուն ձայնագրությունն առանձնանում է աշխուժությամբ և արտահայտչականությամբ, ինչը մեծապես բնորոշ է կատարմանը»:
Penguin Guide
***
«ASV ընկերության նոր ձայնագրությունը ներկայացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի վառ և հուզիչ կատարումը: 65 տարի շարունակ նվագախումբը հանդես է եկել առաջնակարգ համերգներով և «Շեհերեզադե»-ն հրաշալի նմուշ է քննարկելու համար: ASV-ի ուղեկից սկավառակն առաջ է բերում նույն կատարողական ուժերը Ռիմսկի-Կորսակովի օպերաների երեք նվագախմբային սյուիտների մեկնաբանությամբ: Սա Ռիմսկի-Կորսակովի լավագույն գործերի հրաշալի հավաքածու է»:
“The Mail”, Hartlepool
Պրոկոֆյև` Ռոմեո և Ջուլիետ. Սյուիտներ (ASV CD)
«Հաճելի և բարձրարժեքորեն առաջադրվող ձայնասկավառակ»:






Միացեք մեզ